Ճապոնիայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է 10 մետր բարձրությունից

18:34 • 10.05.19

Զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսն ընկել է 10 մետր բարձրությունից Ճապոնիայի Գումա պրեֆեկտուրայի լեռնային շրջանում՝ երկրի գլխավոր Հոնսյու կղզու կենտրոնական հատվածում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, վթարի հետևանքով 14 մարդ տուժել է: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է որպես ծանր:

Ավտոբուսում 50-ից բարձր տարիքի 19 ուղևոր է եղել, որոնք պատրաստվում էին մասնակցել լեռնային արշավին:

Կայանատեղիում կատարած կանգառի ժամանակ վարորդը դուրս է եկել մեքենայից և, հավանաբար, չի գործարկել ջեռնարգելակը: Արդյունքում ավտոբուսը դուրս է եկել կայանատեղիից: Վարորդին ձերբակալել են, իսկ տուժած զբոսաշրջիկներին՝ հոսպիտալացրել: