Բելգիացի ճարտարապետը Փարիզի Աստվածամոր տաճարի փլված տանիքը մրգատու ծառերով լի բանջարանոցի վերածելու նախագիծ է ներկայացրել (լուսանկարներ)

20:04 • 10.05.19

Բելգիացի ճարտարապետ Վենսան Կալբոն, որն աչքի է ընկնում իր յուրօրինակ և ոչ ստանդարտ գաղափարներով, ինչպես նաև էկոլոգիական շինարարության ջատագով լինելով, Փարիզի Աստվածամոր տաճարի փլված տանիքը վերակառուցելու արտասովոր նախագիծ է առաջարկել, գրում է The Sun-ը:

Ֆրանսիայի կառավարությանը ներկաայցրած նախագծում ճարտարապետն առաջարկում է 12-րդ դարի կառույցին ֆուտուրիստական տեսք հաղորդել: Նրա կարծիքով՝ կարևոր է հետագա սերունդների համար ոչ միայն անցյալի մասին հիշատակ թողնել, այլև ներկայի:

Կալբոն առաջարկում է մի քանի փոփոխություն մտցնել, սակայն նրա նախագծի հիմնական յուրահատկությունը տաճարի տանիքին ջերմոց կառուցելու գաղափարն է: Նախագծի համաձայն՝ տանիքը պետք է ծածկված լինի հատուկ բյուրեղապակիով, որը կկլանի արևի էներգիան, իսկ այդ էներգիան բավարար կլինի տաճարի և շրջակա տների համար:

Ջերմոցում առաջարկվում է մրգատու ծառեր և բանջարեղեն աճեցնել: Ըստ հաշվարկների՝ ջերմոցը տարեկան 21 տոննա թարմ բերք կապահովի փարիզցիների համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը հաջողվել է մարել միայն 10 ժամ հետո: Հրդեհի հետևանքով փլվել էր տաճարի տանիքը, ցցաձողը և ժամացույցը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է 5 տարվա ընթացքում վերակառուցել տաճարը, իսկ կառավարությունն այդ նպատակով ճարտարապետական նախագծերի մրցույթ է հայտարարել: