Ինձ ասում էին՝ պիտի պաշտոնդ թողնես և նախկին աշխատանքիդ վերադառնաս, հրաժարվեցի, հետո Նաիրիին էլ հանեցին. ՏԶՆՆ նախկին աշխատակիցը դատական կարգով պայքարում է իրավունքների համար

15:30 • 19.05.19

Տնտեսական զարգացման և ներդրումների նախախարարությանը կից տուրիզմի կոմիտեի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, իրեն աշխատանքից անհիմն ազատելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ պաշտոնին նշանակվել է 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, ազատվել նույն թվականի նոյեմբերի 12-ին:

«Իմ ազատման հրամանի մեջ եղել է միայն նախարարի իրավասությունը սահմանող հոդվածը, որը հանրային ծառայության մասին օրենքով է կարգավորվում: Նշված է եղել, որ նախարարն է նշանակում և ազատում նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնին»,- ասաց Խաչատրյանը և նշեց, որ այդ հրամանն ընդամենը իրավունք վերապահող հոդված է:

Իրեն աշխատանքից ազատելու պատճառը, ըստ Խաչատրյանի, այն է եղել, որ այդ պաշտոնում պետք է լինի իրենց /իշխող ուժ, խմբ./ թիմակիցը: Նա ասաց, որ ոչ մեկի թիմիցը չէ: «Ես ընդամենը մասնագետ եմ եղել, պետական ծառայող, որը կրտսեր մասնագետից 10 տարվա ընթացքում հասել է մինչև տուրիզմի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանի նշանակումից հետո շատ պաշտոնանկություններ են եղել, նա դրական պատասխան տվեց և ուշագրավ դեպք պատմեց:

«Պաշտոնանկ է եղել նաև այն աշխատակիցը, որը զբաղեցնում էր իմ նախկին՝ լիցենզավորման թույլտվության և գործակալության պետի տեղակալի պաշտոնը: Խոսքը Նաիրի Սաղաթելյանի մասին է: Ինձ ասում էին՝ դուրս պիտի գաս տուրիզմի պետական կոմիտեի ղեկավարի առաջին տեղեկալի պաշտոնից և տեղափոխվես նախկին պաշտոնիդ: Իհարկե, մի շարք հանգամանքներ հաշվի ասռնելով, այդ թվում մարդկային գործոնը, որ մարդը զբաղեցնում էր այդ պաշտոնը՝ ես հրաժարվել եմ: Բայց հետագայում Նաիրիին էլ հեռացրեցին»,- պատմեց նա:

Իսկ թե ինչով է պայմանավորում այս պաշտոնանկությունները, նա պատասխանեց. «Հիմքեր և ապացույցներ կային, որ ինքը պետք է նշանակվի տուրիզմի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Խոսքը Ալֆրեդ Քոչարյանի մասին է: Մամուլում էլ շրջանառվում էր, որ Ալֆրեդ Քոչարյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածուն է: Հետագայում փաստերը ցույց տվեցին, որ այդ խոսակցություններն ու կասկածները անհիմն չէին, Ալֆրեդ Քոչարյանը նշանակվել է իմ պաշտոնին»:

Նա հավելեց. «Իմ թեկնածությունը տուրիզմի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրելով՝ իրեն մատ են արել, քանի որ չի կարողացել ոչ կոմպետենտության հետ կապված որևիցե հակառակ բան ասի»:

Խաչատրյանը վարչական դատարանում դատական գործընթացով է անցնում, դատական կարգով ցանկանում է վերկանգնել իր աշխատանքային իրավունքները:

Առաջին դատական նիստը նախատեսված է եղել մայիսի 16-ին, սակայն այն հետաձգվել է քանի որ դատական նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչը չի ներկայացել:

Խաչատրյանը նշեց, որ դա չէր խանգարի դատավարությանը, քանի որ գործում կա գրավոր դիրքորոշում նրա կողմից: «Նիստին ներկա չէր նաև դատարանի կողմից որպես երրորդ կողմ ներգրավված ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, առկա չէր վերջինիս կողմից դատարանի ծանուցագիրը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցումը, ինչի պատճառով նիստը հետաձգվեց մինչև հունիսի 21-ը»,- նշեց նա:

Այս ամենի մասին Terտ.am-ը մեկնաբանություն խնդրեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանից, վերջինս ասաց, որ Արթուր Խաչատրյանը դիմել է դատարան, ուստի պետք է սպասել դատական գործընթացի ավարտին, ավել ոչինչ չի կարող ասել: