Կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումներին երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով․ ԱՄՆ դեսպանատուն

17:31 • 20.05.19

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում:

Այսպես են արձագանքել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝  պատասխանելով Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած գործողություններին՝ դատարանի դռները փակելուն, դատական համակարգում հեղափոխություն իրականացնելու մասին հայտարարություններին:

«Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումներին երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- ասված է պատասխանում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված խորհրդակցությունում հայտարարել էր, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը, որը պետք է արտահայտվի հետևյալում. 

«1. Մարդիկ պետք է իմանան ՀՀ-ում գործող բոլոր դատավորների գույքային վիճակի մասին, քաղաքական կապերի ու ծագումնաբանության մասին:

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն: 

3. Բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան:

4. Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական առաջնահերթություն է ՀՀ համար:

5. ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ երկրի համար կենսական օրակարգը կյանքի կոչելու, ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է գնանք այդ քայլին: Եթե սրա համար անհրաժեշտ լինի համաժողովրդական հանրաքվե, պետք է գնանք նաև նման լուծումների»:

Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ այս օրակարգը քննարկել են ՄԱԿ-ի, ԵՄ և այլ ներկայացուցիչների հետ և ինքը հույս ունի, որ միջազգային գործընկերները կկանգնեն ՀՀ կողքին՝ իրապես անկախ, օբյեկտիվ դատական համակարգ ունենալու համար: