ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու ԼՀԿ-ի առաջարկը. Էդմոն Մարուքյան

17:07 • 22.05.19

Ազգային ժողովի խորհուրդը մերժեց ԼՀԿ-ի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված պատճառաբանությունների մասին չխոսեց, միայն տեղեկացրեց, որ պատգամավորները ելույթներ ունեցան ու վերջում քվեարկությամբ մերժեցին։

«Տարբեր ելույթներ եղան, եղավ քվեարկություն, և մենք քվեարկեցինք կողմ, իրենք՝ դեմ։ Իրենք գտնում ենք, որ պետք չէ այդ հարցին անդրադառնալ, պետք չէ քննարկել և այլն»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ կարծես «հին ու բարի ավանդույթները» շարունակվում են, Էդմոն Մարուքյանն արձագանքեց․ «Ես կասի, որ ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում, որովհետև մենք հիմա ունենք կոնկրետ ստորագրահավաք, հայտարարության տեքստը պատրաստ է, բայց նիստ չենք կարողանում գումարել։ Նիստին հնչած կարծիքներից մեկն էլ այն էր, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մոտ ու ժողովրդի հետ»։

Էդմոն  Մարուքյանը նշեց, որ ԱԺ արտահերթ նիստ էին ցանկանում հրավիրել, որպեսզի քննարկեն դատարաններ ելքերն ու մուտքերը փակելու գործադիր իշխանության կազմակերպած ակցիան, իսկ շարունակության մեջ քննարկելու էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված ռեֆորմները՝ կապված դատաիրավական համակարգի հետ։

«Օրինակ՝ վեթինգի առաջարկը մեր առաջարկն է եղել, մենք դա պաշտպանում էինք, ինչպես նաև քննիչ հանձնաժողովներ ստեղծելու առաջարկը և այլ բաներ, որոնց մենք կողմ էինք։ Այս ամենից հետո էլ կընդունեինք խորհրդարանի կողմից հայտարարություն՝ ուղղված գործադիր իշխանությանը, որ ապագա դատաիրավական բարեփոխումների ցանկացած ձեռնարկ իրականացվի ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պարտավորություններ հարգման շրջանակում»,- նշեց Մարուքյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝  «Իմ քայլի» պատգամավորը կարծում են, որ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին եթե չխոսեն, լռեն, ապա ամեն ինչ կանցնի․ «Ժամանակին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց, այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը մի լավ միտք ասեց՝ քիչ խոսեք տնտեսական ճգնաժամից և ճգնաժամ չի լինի։ Երևի հիմա «Իմ քայլի» պատգամավորները մտածում են, որ եթե քիչ խոսեն, որ դատարանների ելքերն ու մուտքերը փակել են, ապա սահմանադրական խախտումը կանցնի ու կգնա»,- շարունակեց պատգամավորը։

Ինչ վերավերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգի բարեփոխման հետ կապված հայտարարության այն դրույթին, թե բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան, էդմոն Մարուքյանը նկատեց, որ հայտարարությունից օրեր են անցել, բայց որևէ մեկը հրաժարական չի տվել։

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն առաջարկում էր արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։