«Պարկ Գրուպ»-ը Երևանում նախատեսում է կառուցել վերջին սերնդի կարուսելներով այգի. ընկերությանն արտոնություն տալու հարցը՝ գործադիրի օրակարգում

19:04 • 22.05.19

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Երևանում կառուցել ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ։ 1-ին փուլի գործարկումը նախատեսվում է 2019 թվականի 4-րդ եռամսյակում։

Նախագծում նշվում է, որ ներկա պահին աշխատակիցները 5-ն են, որոնց միջին աշխատավարձն էլ կազմում է 200 հազ․ դրամ։  Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 7,5 մլրդ դրամի չափով ներդրում: Հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի 4,94 մլրդ դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվում է 0,98 մլրդ դրամ։

Կառավարության նախագծում ասվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ, նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը կարող է իրականացվել փուլ առ փուլ։ 

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 350 նոր աշխատատեղ` 200 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ևս արտոնություն տալու հարցը կքննարկվի:

 «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հանգստի կազմակերպման, մասնավորապես` զբոսայգու հիմնադրման համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: