Կատարվում է քննություն. ԱԱԾ-ն` Բագրատաշենի մաքսակետում քաղաքացիներին բռնի կերպով արգելափակելու լուրերի մասին

14:21 • 22.05.19

Կատարվում է քննություն, հետագայում պարզաբանում կներկայացվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը` անդրադառնալով Բագրատաշենում ստեղծված իրավիճակին: «Ես այս պահին չունեմ տեղեկատվություն լրատվամիջոցներին փոխանցելու համար»,-ասաց նա:

Տեղեկացնենք, որ փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է քաղաքացիներից մեկի դիմումը` կապված Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի մասին:

«Այս գիշեր, ժամը 03:00-ի սահմաններում ինձ է դիմել մեր քաղաքացիներից մեկը՝ հայտնելով Բագրատաշենի մաքսակետում տիրող արտակարգ միջադեպի մասին: Քաղաքացին հայտնել է, որ մաքսակետում 45-ից 50 քաղաքացիների բռնի ուժով արգելափակել են ինչ-որ սահմանափակ տարածքում: Ավելին, քաղաքացիներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել:
Առավոտյան ժամը 09.20 րոպեին անձամբ դիմել եմ ՊԵԿ նախագահին՝ հայտնելով ահազանգի մասին: Վերջինս նշել է, որ զբաղվում են խնդրով:

Դատելով մամուլի արձագանքներից՝ խնդիրը կարծեք թե դեռ լուծված չէ: Կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է անհապաղ ներկայացնեն, թե ինչ է կատարվել Բագրատաշենի մաքսակետում և ինչու չի լուծվում հարցը»,-գրել է նա: