Բրազիլիայում զինված անձը կրակ է բացել եկեղեցում. կա 3 զոհ (տեսանյութ)

09:57 • 22.05.19

Բրազիլիայի Պարակատու շրջանում զինված տղամարդը եկեղեցի է ներխուժել և կրակ բացել մարդկանց ուղղությամբ, հաղորդում է Correio Braziliense-ն:

Պարբերականի տվյալներով՝ եկեղեցի մտնելուց առաջ տղամարդն իր տանը սպանել է նախկին հարսնացուին:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ իրավապահ մարմինները շրջափակել են եկեղեցու հարակից տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Նրանց օպերատիվ գործողությունների շնորհիվ հետագա կրակոցների վտանգը կանխվել է:

Պարզվել է, որ հրաձգություն իրականացրած անձը 39-ամյա Ռուդսոն Արագոն Գիմարաեշն է, որը նախկինում ծառայել է երկրի ռազմաօդային ուժերում: Նա ոստիկանության հետ առճակատման ընթացքում վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել: Գիմարաեշի գործողությունների հետևանքով 4 մարդ է զոհվել՝ ներառյալ նախկին հարսնացուն:

Ոստիկանության ներկայացուցիչ Ֆլավիո Սանտիագոն հայտնել է, որ եկեղեցում հարձակման պահին 20 մարդ է գտնվել, իսկ հրաձիգի մոտ 6 միավոր զենք է եղել:

«Եթե ոստիկանությունը ժամանակին չհասներ, իրավիճակը շատ ավելի վատ ելք կունենար»,- ասել է Սանտիագոն: