Ֆրանսիական գյուղերից մեկում ծնելիությունը խթանելու նպատակով զույգերին անվճար վիագրա է առաջարկվել

03:38 • 22.05.19

Ֆրանսիայի Մոնտրո-Ֆոտ-Յոն համայնքի ղեկավարն առաջարկել է սիրահար զույգերին վիագրա բաժանել՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է La République du Centre-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ համայնքապետ Ժան Դեբոզին նշել է, որ գյուղում ընդամենը 650 մարդ է ապրում, և երեխաների թվի նվազման պատճառով տեղի երկու դպրոցները կանգնել են փակման վտանգի առջև: «Գյուղն առանց երեխաների մեռած գյուղ է»,- նշել է գյուղապետը:

Նշվում է, որ մայիսի 16-ին Դեբոզին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ համայնքում բնակվող՝ 18-ից մինչև 40 տարեկան զույգերը կարող են անվճար ստանալ պոտենցիան բարելավող դեղամիջոց:

Անհայտ է, սակայն, թե ինչպես է  Դեբոզին կատարելու իր խոստումը, քանի որ ֆրանսիական դեղատները վիագրա տրամադրում են միայն բժշկի ուղեգրով: Դեբոզին վստահեցրել է, որ ինքը կհամաձայնեցնի դեղի մատակարարման հարցը տեղական խորհրդի հետ և որևէ տղամարդ առանց վիագրայի չի հեռանա: