Նիկոլ Փաշինյանը և ԵԽ գլխավոր քարտուղարը համաձայնել են՝ դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը

18:41 • 22.05.19

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

Մոտ օրերս ԵԽ փորձագետները կժամանեն Երևան՝ բարեփոխումների համար անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով: