«Պատմությունը կեղծելու ևս մեկ անհաջող փորձ». Հունաստանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը

12:20 • 22.05.19

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Անկարան փորձում է ևս մեկ անգամ անհաջող կերպով կեղծել պատմությունը, և կոչ են արել Թուրքիային անցյալի վերքերը բուժելու համար ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այս կերպ Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «հույների կողմից հորինված պատմության» մասին հայտարարությանը, գրում է РИА Новости-ն:

«Պատմական ճշմարտության ճանաչումը, ինքնաքննադատությունն ու ռևիզիոնիզմն ուժի դրսևորումներ են, ոչ թե թուլության: Դրանք բարեխիղճ երկխոսության, ազգայնամոլության դեմ պայքարի, ժողովուրդների ու երկրների, դրանց խաղաղ գոյակցման համար նախապայմաններն են»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նախարարության հայտարարության մեջ կարևորվում է Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության պես դեպքերը ճանաչելու խնդիրը, «որպեսզի անցյալի ամենամռայլ էջերը չկրկնվեն»:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Հունաստանում նշվել է Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի առնչությամբ բոլոր հույն քաղաքական գործիչներն ու կուսակցությունները համապատասխան հայտարարություններով են հանդես եկել:

Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել էին, որ 1919թ.-ի մայիսի 19-ը նշանավորվում է ազգային պայքարի մեկնարկով, որը հանգեցրել է Թուրքիայի Հանրապետության ստեղծմանը: Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, թե «Հունաստանի որոշ ծայրահեղական շրջաններ» փորձում են մթագնել այդ կարևոր օրը «մոլեռանդ մեղադրանքներով»՝ նպատակ ունենալով Թուրքիայի նկատմամբ ատելություն սերմանել:

Ըստ տարբեր աղբյուրների՝ 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել 353.000 -ից մինչև 1.200.000 հույներ: Սա արձանագրվել է պատմության մեջ իբրև Հայոց ցեղասպանությունից հետո 20-րդ դարի 2-րդ եղեռնը։