Հռոմի պապն ասել է, որ շարունակում է աղոթել Ուկրաինայի համար

16:24 • 22.05.19

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ շարունակում է աղոթել Ուկրաինայում խաղաղության հաստատման համար, հաղորդում է askanews.it-ը:

«Շարունակաբար խնդրում եմ Աստծուն, որ նա սիրով և հանդարտությամբ լցնի ուկրաինացիների սրտերն ու  խաղաղություն պարգևի ամբողջ երկրին»,- ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը Վատիկանում ավանդական դարձած համընդհանուր լսումների ժամանակ՝ դիմելով ուկրաինացի ուխտագնացներին:

Հիշեցնենք, որ Հռոմի պապը բազմիցս Ուկրաինայում խաղաղության հաստատման կոչեր է արել: 2016թ.-ի ապրիլին նրա նախաձեռնությամբ Եվրոպայի բոլոր կաթոլիկների շրջանում հատուկ դրամահավաք էր անցկացվել, որն ուղղվել էր Ուկրաինայում հակամարտության հետևանքով տուժածների օգնությանը: