Պրահայում երկրի վարչապետի հրաժարականի պահանջով փողոց է դուրս եկել մոտ 50 հազար մարդ
Պրահայի Վացլավի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մոտ 50 հազար մարդ է մասնակցել: Ցուցարարները պահանջել են Չեխիայի վարչապետ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշի և նրա մերձավորներից մեկի՝ երկրի արդարադատության նախարար Մարիա Բենեշովայի հրաժարականը, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանրահավաքը տևել է երկու ժամ: Մասնակիցների թվում են եղել ընդդիմադիր քաղաքական գործիչներ, խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ: Նրանք մեղադրել են վարչապետին պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիայի մեջ: Արդարադատության նախարարը, նրանց կարծիքով, «ծածկում է այդ գործողությունները և պաշտպանում նրան քրեական պատասխանատվությունից»:
Պրահայում տեղի ունեցած հանրահավաքը վերջին մեկ ամսում չորրորդն էր և ամենամասշտաբայինը: Նախորդ բողոքի ակցիաներին մասնակցել է 15-20 հազար քաղաքացի:










