Պետտուրքի մասին օրենքի հետևանքները ճիշտ ուղղությամբ չեն գնում, պատասխանատվությունը կրում եք դուք․ Արտյոմ Ծառուկյանը՝ իշխանություններին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է քննարկվել վերջին շրջանում աղմուկ բարձրացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի շուրջ ելույթ ունեցավ հանձնաժողովի անդամ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։ Նա նախ հիշեցրեց, որ իրենք նախագծի քննարկման, ոլորտի ուսումնասիրման աշխատանքային խմբի աշխատանքներին չեն մասնակցել ավելորդ շահարկումներից խուսափելու համար։
«Մենք հավատարիմ ենք մնում մեր հայտարարությանը, և վերահաստատում եմ, որ աշխատանքային քննարկման արդյունքում, շահառուների հետ հանդիպման ժամանակ ընդունած որոշման ամբողջ պատասխանատվությունը կրում եք դուք։ Մենք համաձայն ենք ձեր ցանկացած որոշման հետ»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Ծառուկյանը, դիմելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, ասաց, որ իր համար տարօրինակ է բազային տուրքի 40 տոկոս իջեցումը։
«Առաջին ընթերցման ժամանակ բազային տուրքը 22 դրամ էր, հիմա՝ մոտավորապես 2 շաբաթ քննարկելուց հետո, մոտ 40 տոկոս տուրքի փոփոխություն եղավ։ Չեմ ցանկանում հարցերով ծանրաբեռնել, բայց ասում եմ, որ մենք հավատարիմ ենք մեր սկզբունքին։ Հետևանքների մասին կխոսենք հետո, ես վստահ եմ, որ հետևանքները ճիշտ ուղղությամբ չեն գնում»,- ընդգծեց Արտյոմ Ծառուկյանը։
Վերջինիս դիտարկումներին արձագանքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա նկատեց, որ երբ նախարարությունն օրենքի նախագիծը բերել էր ԱԺ, հիմնվել էր ինֆորմացիայի վրա, որն այդ պահին իրեն հասանելի է եղել։
«Այսինքն՝ Կառավարությունը հաշվի է առել ընկերությունների կողմից արտադրվող ցեմենտի ինքնարժեքը։ Քանի որ ուսումնասիրել ենք այդ տվյալները, մի քանի դիտարկում անեմ, օրինակ՝ այն, որ 2018 թվականի 2-րդ կիսամյակում ցեմենտի ինքնարժեքը կտրուկ ընկել է, ինչը նշանակում է, որ առնվազն ինքնարժեքի նվազման չափով տեղ ունենք պետտուրքը նվազեցնելու»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը։
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն տվեց, և այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։










