1,5 մլն դոլար. ԱՄՆ-ում չգործած հանցանքի համար 46 տարի բանտում անցկացրած տղամարդը փոխհատուցում կստանա
ԱՄՆ Միչիգան նահանգի կառավարությունը չկատարած սպանության համար բանտում 46 տարի անցկացրած Ռիչարդ Ֆիլիպսին 1,5 մլն դոլար փոխհատուցում կտա, հաղորդում է CBS News հեռուստաալիքը:
Տղամարդն ազատազրկվել է 1971թ.-ին և ազատ արձակվել միայն անցած տարվա գարնանը, ընդ որում՝ բանտից դուրս գալիս նրան անգամ ավտոբուսով տուն գնալու գումար չեն տվել:
Ազատ արձակվելուց մեկ տարի անց նահանգի դատախազությունը որոշել է փոխհատուցել տղամարդուն ազատազրկման մեջ անցկացրած բոլոր տարիների համար՝ նրա կորցրած ժամանակը 1,5 մլն դոլար գնահատելով: Ներկայում դատախազությունը նահանգի իշխանություններից 1,5 մլն դոլարը Ֆիլիպսին հատկացնելու մասին որոշման է սպասում:
Նշվում է, որ տղամարդը բանտում գտնված տարիներին սկսել է նկարչությամբ զբաղվել, նրա կտավներն այժմ հազարավոր դոլարներ են գնահատվում: Նախկին բանտարկյալի խոսքով՝ նկարելու միջոցով ինքը փորձել է ինչ-որ կարևոր բանով շեղել մտքերը: Նա խոստովանել է, որ իր համար կարևոր չէ՝ որևէ փոխհատուցում կստանա, թե ոչ, քանի որ այսքան տարի անց ինքնախղճահարության համար ժամանակ չունի:
![]()










