Թատերական ինստիտուտում նախատեսված է ռեկտորի ընտրություն. միակ թեկնածուն հայտարարել է, որ ինքնաբացարկ կներկայացնի (տեսանյութ)
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի ընտրության հարցն է:
Ռեկտորի միակ թեկնածուն բուհի ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանն է, որը երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքնաբացարկ կհայտարարի:
Հիշեցնենք, որ ուսանողները դժգոհում են, որ Լիլիթ Արզումանյանը ոլորտի մասնագետ չէ, իրենք այլ թեկնածուների ծրագրեր են ուզում լսել, պետք է հնարավորություն տալ, որ այլ թեկնածուներ ևս մասնակցեն ընտրություններին:
Հիշեցնենք, որ հայտարարված մրցույթի արդյունքում ռեկտորի պաշտոնի թափուր տեղի պահանջներին համապատասխանել է երեք հավակնորդներից միայն բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը, սակայն նրանք չունեն ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչումը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանը նախորդ տարի նոյեմբերին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախկին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ բուհում մինչ նախկին ռեկտորի հրաժարականը մի շարք չարաշահումներ էին հայտնաբերվել, քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերենի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը, փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ:
Նաև պարզվել է, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8 միլիոն 150 հազար դրամ։










