Հայտնի է Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարման հավանական պատճառներից մեկը
Իտալիայի կառավարությունն իր գնահատականն է տվել մայիսի 22-ին Սիենա և Ֆլորենցիա քաղաքներն իրար միացնող ավտոճանապարհին տեղի ունեցած զբոսաշրջային ավտոբուսի վթարին` չբացառելով, որ տրանսպորտային միջոցը շրջվել է վարորդի անուշադրության հետևանքով: Այս մասին հայտնում է life.ru` հղում անելով La Repubblica-ին:
«Չենք բացառում, որ պատճառներից մեկն էլ կարող է լինել վարորդի անուշադրությունը: Կարող էր ավելի վատ լինել, բուսականությունը մեղմել է անկումը»,- նշել է Տոսկանայի շրջանի ճանապարհային ոստիկանության աշխատակից Պաոլո Մարիա Պոմպոնիոն:
Աղբյուրը նշում է, որ 35-ամյա վարորդը հարցաքննվում է: Նրա արյան մեջ ալկոհոլի պարունակություն չի հայտնաբերվել: Ներկա պահին հիվանդանոցում է գտնվում 19 մարդ, որոնցից 16-ը պատրաստվում են դուրս գրվել: Երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ, մեկինն էլ գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ին` տեղի ժամանակով 9:30-ի սահմաններում: Ավտոբուսում, որը շրջվել է, ընդհանուր առմամբ 60 զբոսաշրջիկ է եղել Արևելյան Եվրոպայի երկրներից: Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։
Ավելի վաղ նշվել էր, որ նրանցից 3-ն ստացել են մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսը դուրս էին գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն էր անցնում:










