Հալեպում 10-ամյա դադարից հետո բացվել է գիշերային տոնավաճառը

11:18 • 23.05.19

Սիրիայի Հալեպ քաղաքում 10 տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է գիշերային տոնավաճառը, ինչի առթիվ քաղաքում միացվել են շատրվանները և հրավառություն է կազմակերպվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:  

«Վերջին անգամ ես այստեղ եմ եկել ավելի քան 15 տարի առաջ: Այն ժամանակ դուստրերս դեռ շատ փոքր էին և, բնականաբար, ոչինչ չեն հիշում: Այժմ իրավիճակը հանգիստ է, մենք վայելում ենք այս մթնոլորտը և տոնավաճառի շահավետ գները»,- լրագրողներին պատմել է տեղի բնակիչներից մեկը:

Գիշերային տոնավաճառները Հալեպի կենտրոնական թաղամասերից մեկում կազմակերպվել են դեռևս անցած դարասկզբին, սակայն Սիրիայում ստեղծված իրավիճակի առնչությամբ տոնավաճառը ստիպված են եղել փակել: Դրա վերաբացումը երկրի խոշորագույն քաղաքի՝ խաղաղ կյանքի վերադառնալու ևս մեկ նշան է:

Հայտնի է, որ տարվա այս եղանակին, երբ Սիրիայում ցերեկն օդի ջերմաստիճանը 40-ի է հասնում, գրեթե բոլորը հանգստանում են, իսկ ակտիվությունը սկսվում է երեկոյան ժամերին:

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել էր 2011 թ.: 2018 թ. վերջին հայտարարվել էր մերձարևելյան երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Այժմ երկրում քաղաքական կարգավորման, վերականգնման և փախստականների վերադարձի ծրագրեր են իրականացվում: