Չինաստանում 13-ամյա երեխան կազմակերպել է սեփական առևանգումը` ծնողների ուշադրությունը գրավելու համար
Չինաստանի Սիչուան նահանգի Լուչժոու քաղաքային թաղամասում 13-ամյա երեխան կազմակերպել է սեփական առևանգումը` ծնողների ուշադրությանն արժանանալու համար: Այս մասին հայտնում է AsiaOne-ն:
Դեռահասին գտել էին լքված բեռնատարում` պարաններով կապված և կտորով բերանը փակած: Տղան ոստիկանությանը պատմել էր, որ անհայտ անձն արցունքաբեր գազ է օգտագործել, որից հետո ինքն արթնացել է մեքենայում:
Քննիչները գործը պարզելու ընթացքում զննել էին տղայի տունն ու հանցագործության հետքեր չէին հայտնաբերել: Նրանք բազմաթիվ հարցեր էին տվել ընտանիքի անդամների մասին, որից հետո դեռահասը խոստովանել էր, որ ինքն է կազմակերպել իր առևանգումը:
Պարզվել է, որ նա ապրում է տատիկի ու պապիկի հետ և վերջին անգամ ծնողներին տեսել է Ամանորին: Նրանք աշխատանքի բերումով գտնվում էին այլ նահանգում: Տղան վստահ է եղել, որ հարազատները տուն կվերադառնան միայն այն ժամանակ, եթե իսկապես լուրջ պատճառ լինի: Նա ներողություն է խնդրել ու ասել, որ պարզապես կարոտել էր ծնողներին:










