Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ է. Նաիրա Զոհրաբյան

22:16 • 23.05.19

Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, որովհետև դրանից 1 օր առաջ վարչապետը կոչ էր արել առավոտյան 8:30 սկսել գործողությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե սա ինքնաբուխ է, ուրեմն կոչով արված ակցիան ինքնաբուխ ակցիա է և պետք է «Երթերի մասին օրենքում» համապատասխան փոփոխություն արվի, որ եթե նախապես հայտարարվում է ակցիայի ժամի մասին, տեղի մասին, այն, ըստ ճաշակի, ըստ քաղաքական նպատակահարմարության կարելի է համարել ինքնաբուխ»,-  նշեց Ն. Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ թե դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, իսկ ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չի եղել:  «Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա, հավաք էր»,- ասել էր նա: