Շվեդիայում ազատազրկման են դատապարտել ծնողներին, որոնք դստերը ստիպել են բուսակեր դառնալ

21:49 • 23.05.19

Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի դատարանը 3 ամսվա ազատազրկման է դատապարտել ծնողներին, որոնք ստիպում էին իրենց դստերը բուսակերների սննդակարգով սնվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, ոստիկանությունը և սոցիալական ծառայությունները դեպքով հետաքրքրվել են, երբ աղջիկը հիվանդանոցում է հայտնվել՝ ծայրահեղ ծանր վիճակով: Մեկուկես տարեկանում աղջիկը վեց կգ-ից էլ քիչ էր կշռում, թեև նորմայի ստորին սահմանը կազմում է 9 կգ:

Բժիշկները երեխայի մոտ ծայրահեղ աստիճանի հյուծվածություն և В12 վիտամինի սուր պակաս են ախտորոշել:

Ծնողների խոսքով՝ աղջիկը կրծքի կաթով է կերակրվել, բացի դրանից նրան բացառապես բանջարեղեններ են տվել: Որևէ վիտամինային հավելում երեխան չի ստացել: Ընտանիքը մեկուսի կենսակերպ է վարել և խուսափել է իշխանությունների հետ շփումներից, իսկ երեխային ծնվելուց հետո նույնիսկ չեն գրանցել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխայի կյանքին այժմ վտանգ չի սպառնում, նա գտնվում է մեկ այլ ընտանիքի խնամքի տակ: