Վանաձորում գործադուլ իրականացնող երթուղայինների վարորդների բարձրացրած հարցով մարզպետը կդիմի իրավապահ մարմիններին (թարմացված, տեսանյութ)

16:45 • 23.05.19

18:57

Ավարտվեց Վանաձորի երթուղային վարորդների և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանդիպումը։
Մարզպետը ցուցարարներին խոստացավ դիմել իրավապահ մարմիններն, որպեսզի ստուգվի գազի գինի և որակի համապատասխանելիությունը։

Ղուկասյանը նաև նշեց, որ խոսելու է գծատերերի հետ՝ հասկանալու, թե մինչ այդ կարող են ծառայություններ մատուցել։ Ըստ մարզպետի՝ գործընթացը մոտ 10 օր կտևի։

18:41

Ցուցարարները ներկայացրին իրենց դժգոհությունները, իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեցին, որ պետք է դիմեն իրավապահ  մարմիններին, որպեսզի ստուգումներ անցկացնեն գազալցակայաններում։

Մարզպետը նկատեց, որ ինքը մասնագետ չի ու այն չի կարող անձամբ ստուգել։

Ակցիայի մասնակիցներն էլ հայտարարեցին, թե չեն աշխատի այնքան ժամանակ, մինչև ստուգումները չավարտվեն։

18:15

Ակցիայի մասնակիցներն այս պահին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մոտ են։ Մարզպետը նախ նշեց, որ ինքը չի խուսափում քաղաքացիների հետ հանդիպել, պարզապես մինչ այս ցուցարարների չի հանդիպել, քանի որ նախապես Տաշիր համայնքի բնակիչների հետ պլանավորված հանդիպում ուներ։

«Ինչպես նաև խնդիրը, որ դուք բարձրացնում եք, մարզպետարանի ենթակայության տակ չէ, ես լիազորված չեմ այդ խնդիրներով զբաղվելու։ Բայց որպես մարզի բնակիչների ես միշտ էլ պատրաստ եմ լսելու, վերադառնալուն պես ասացի, որ պատրաստ եմ հանդիպման»,-շարունակեց Ղուկասյանը։

Հանդիպմանը մասնակցում է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

18:06

Առավոտից բողոքի ակցիա իրականացնող Վանաձորի երթուղայինների վարորդների հետ հանդիպեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Ասլանյանն ասաց, որ 5 հոգի ընտրեն նրանցից և գնան մարզպետի մոտ, ներկայացնեն խնդիրը, սակայն վարորդները համաձայն չեն այս տարբերակին, նրանք պնդում են՝ մարզպետը պետք է գա իրենց մոտ:

Ասլանյանը նշեց. «Որ խոսակցությունը, բողոքը տեղ հասնի, պետք է մի քանի հոգի գնա, մարզպետի մոտ հարցը բարձրացնի»:

Վարորդներն էլ պնդում են՝ պետք է բոլորով տեսնեն մարզպետին: «Էն որ 100 հազար հոգու մեջ դրոշակներով գնում էին, կարող են 30 հոգու մոտ էլ իջնել»,- ասացին նրանք:

Ասլանյանը նշեց, որ պետք է վարորդները նորմալ սկսեն աշխատել, նրանք էլ հակադարձեցին՝ չենք ուզում աշխատել:

Ասլանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վարորդները դժգոհում են, քանի որ վճարում են նախկինի չափ, բայց ավելի քիչ են վարում մեքենան, այդ խնդիրները կան:

Ասլանյանը վստահեցրեց. «Դիմել են կառավարությանը, վարչապետը կառավարության նիստին բարձրացրել է հարցը, հիմա հանձնաժողով կա, մտնում են, գազալցակայանները ստուգում են ստանդարտներով, որ կալորիականության, խտության խնդիր չլինի: Ես էլ զրուցել եմ գազալցակայանների հետ, որ էլեկտրոնային կշեռքներ լինեն, որ վարորդը կարողանա էդ կշեռքով ստուգել»:

Ասլանյանը հավելեց, որ մարզպետը Երևանում է եղել, դրա համար դեռ չի ընդունել նրանց:

12:54

Այսօր վաղ առավոտից Վանաձորի երթուղայինների վարորդները գործադուլ են իրականացնում:

Վարորդները ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։

Բողոքի ակցիայի պատճառը, ըստ վարորդների՝ գազի գնի թանկացումն է:

Հիշեցնենք, որ փոխվել է սեղմած գազի վաճառքի չափման միավորը: Մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմած գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով: