Ողջաբերդի սողանքային խնդիրը պարզ նախագծային հարց է, խնդիրը շուտ կարելի է լուծել երկրաբանական ճաղավանդակներով. Վահագն Վերմիշյան

12:46 • 23.05.19

Այսօր կառավարության հերթական նիստի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակներում Գառնի-Գեղարդ ճանապարհի սողանքային գոտիների անցանելիության ապահովման համար գումար է հատկացվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, իր դժգոհությունը հայտնեց, որ այդ ճանապարհին ոչ երկարաժամկետ լուծում է միշտ տրվում: «Ամեն անգամ գումար ենք հատկացնում, մի քիչ ուղղում ենք ճանապարհը, բայց գիտենք, որ երեք-չորս տարի հետո կամ գուցե նույնիսկ մեկ տարուց նույն վիճակն է լինելու, դա այդքա՞ն բարդ խնդիր է, որ չենք կարողանում լուծել, ի վերջո քսանմեկերորդ դարն  է»,-ասաց նա և խոսքն ուղղեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին:

Վերջինս ասաց, որ այդ թեմայով քննարկումներ են ընթանում և անցած շաբաթ հրավիրել են ամերիկյան ընկերության, որը մասնագիտացված է այդ հարցերով: «Դա պարզ նախագծային խնդիր է»,-ասաց նա և նշեց, որ Ողջաբերդի խնդիրը շուտ կարելի է լուծել երկրաբանական ճաղավանդակներով:

«Դա լուծվող տրադիցիոն խնդիր է, ամբողջ աշխարհում կա, մենք անընդհատ հրդեհ ենք հանգցնում, հրդեհ եղավ, գնում ենք ու հանգցնում, տեղերը գիտենք, սովետի ժամանակվանից դեռևս գիտենք»,-ասաց նա և նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությանը ևս քննարկումներին հրավիրել են, և նրանք շատ զարմացած էին այդ նոր տեխնոլոգիաներից:

Վարչապետը կոչ արեց կոնկրետ առաջարկ ներկայացնել, թե ինչպես երկարաժամկետ խնդիրը լուծել, Վերմիշյանը նշեց, որ նախագիծը մշակվում է: