Ավելի քան 700 000 մարդ. Եմենի իշխանությունները հայտնել են՝ պատերազմի տարիներին հիվանդություններից ու սովից որքան մարդ է զոհվել

17:12 • 23.05.19

Եմենում ընթացող բազմամյա պատերազմը և սուր մարդասիրական ճգնաժամն ավելի քան 700 000 մարդու մահվան պատճառ են դարձել: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Եմենի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յուսեֆ ալ Հադիրին:

Հայտնի է, որ 2014թ.-ից ի վեր Եմենում տուժել է բնակչության 70%-ից ավելին: Եմենի շրջափակման պատճառով առաջացած հիվանդությունների, խոլերայի, փայտացման, գրիպի, տարբեր վիրուսների համաճարակների և սովի հետևանքով այս կամ այն կերպ 16 մլն մարդ է տուժել, իսկ մինչ այս պահը զոհվել է 700 000-ից ավելի բնակիչ:

«Իրավիճակն աղետալի է: Այժմ մեզ մոտ 5 տարեկանից փոքր 2,44 մլն երեխա սովի է մատնված, նրանցից 400 000-ը տառապում է խիստ թերսնումից: Դրա հետևանքով ամեն տարի 80 000 երեխա է մահանում»,- ասել է ալ Հադիրին:

Նա հավելել է, որ բեղմնավոր տարիքում գտնվող շուրջ 2 մլն հասուն կին տառապում է թերսնումից, ինչը կարող է շատ վատ անդրադառնալ հաջորդ սերնդի վրա:

Հիշեցնենք, որ Եմենում կառավարության և հուսիթների «Անսար ալլահ» շարժման միջև ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014թ.-ից: 2015թ.-ի մարտից կառավարության կողմն է անցել արաբական երկրների ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: