Բագրատաշենի մաքսայինի որոշ աշխատակիցների հետ քաղաքացիները ձեռք են բերել պայմանավորվածություն կաշառք-գումարի դիմաց ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար․ ԱԱԾ տնօրեն

13:15 • 24.05.19

Բագրատաշեն անցակետում ԱԱԾ իրականացրած միջոցառումը եղել է օրենքի համապատասխան, որևէ խախտում ԱԱԾ աշխատակիցների կողմից չի եղել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակին, երբ առևտրականներին արգելել էին Թուրքիայից բերված բեռը մաքսատնից հանել։

«Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքի, փորձել են ցույց տալ, որ կինքնավնասվեն։ Սադրանք եմ որակում սա։ Հիմա իրավիճակը ձեզ պատմեմ, դուք հասկացեք՝ ինչ է եղել։ ՀՀ համապատասխան օրենքով յուրաքանչյուր անձի թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ։ Մեր քաղաքացիները, ովքեր առևտրական նպատակներով մեկնում են Թուրքիա ու բերում են ապրանքներ, չեն ուզում ուղղակի վճարել համապատասխան մաքսազերծման գումարները։ Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, խոսքը վերաբերում է 20 տոննայից ավելի ապրանքների մասին, որոնք բերվել են, և չեն ուզել վճարել»,- մանրամասնեց նա։

Վանեցյանի խոսքով՝ իրենք տեղեկություններ ունեն, որ մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ քաղաքացիները ձեռք են բերել պայմանավորվածություն՝ կաշառք-գումարի դիմաց այդ ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար։

«ԱԱԾ կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է, ու իրականացվել են համապատասխան միջոցառումներ։ Մաքսային ծառայության այդ աշխատակիցը, ով կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քաղաքացիներին սովորեցրել է աղմուկ բարձրացնել, ճանապարհ փակել և դիմել ծայրահեղ քայլերի»,- շարունակեց Վանեցյանը։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ԱԱԾ- աշխատակիցները կարող էին գնալ հանցավոր պայմանավորվածության` հաշվի առնելով, որ Տավուշի մարզային ԱԱԾ վարչության աշխատակիցները նույնպես կարող են ներգրավված լինել կոռուպցիոն սխեմաներում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Ես չեմ բացառում, որ առհասարակ ԱԱԾ աշխատակիցներից ինչ-որ մեկը կարող է ինչ-որ մի պահի թուլանալ և կոռուպցիոն ինչ-որ համաձայնության գալ։ Եթե եղել է հայտարարություն ու հաղորդում, միանշանակ պետք է քննություն տարվի, նաև ԱԱԾ աշխատակիցների վերաբերյալ նյութերը պետք է նախապատրաստվեն և կամ հերքվեն, կամ հաստատվեն։ Եթե կհաստատվեն, ով թույլ տվել է նման իրավախախտում, կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը: