Ծիծաղ է առաջացնում պարոն Իոաննիսյանի հայտարարությունը, խորհուրդ կտամ՝ հանգիստ նստի տեղը. Վանեցյանը` իրեն վերագրվող մեղադրանքների մասին
Ուղղակի ծիծաղ է առաջացնում պարոն Իոաննիսյանի հայտարարությունը, խորհուրդ կտամ, որ պարոն Իոաննիսյանը հանգիստ նստի տեղը, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մեղադրանքին, թե Վանեցյանը քրեական հեղինակությունների հետ է շփվում:
Նշենք, որ Իոաննիսյանը Վանեցյանին մեղադրել էր քրեական հեղինակություններ «Վստրեչի Ապերի», «Թոխմախի Բաբոյի», «Վովայի Արշակի» հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ:
Դիտարկմանը՝ Իոաննիսյանը նման մեղադրանք է հնչեցրել, քանի որ Վանեցյանն աշխատել է Էրեբունիում, վերջինս պատասխանեց. «Ես միայն Էրեբունիում չեմ աշխատել, աշխատել եմ Արարատի մարզում, օդանավակայանում, ԱԱԾ-ի կենտրոնական ապարատում: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ողջ երկրում եղել են, կան որոշ հանցավոր հեղինակություններ, տարբեր մականունավորներ, ապա ես որտեղ աշխատել եմ, այդ տեղի բոլոր մարդկանց հետ շփվել եմ: Չեմ ուզում գնահատական տալ Իոաննիսյանի հայտարարություններին, ուղղակի կասեմ՝ ամոթ է, որ փորձ է արվում խարխլել ԱԱԾ տնօրենի այն հեղինակությունը, որը ձևավորվել է այս մեկ տարվա ընթացքում»:
Իսկ թե որն է նպատակը՝ ԱԱԾ տնօրենի հեղինակությունը խարխլելու, նա ասաց, որ պետք է Իոաննիսյանից հարցնել:
«Առհասարակ քաղհասարակության ներկայացուցիչները, երբ ես նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, ինձ հետ շատ ակտիվ շփվում էին, կապի մեջ էին, զանգահարում էին ցանկացած հարցով, շատ գոհ էին ԱԱԾ աշխատանքից, նշում էին՝ վերջապես վերափոխվեց ԱԱԾ-ն:
Մի պահ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ինչ-որ մի տեղից պատվեր ստանալուց հետո, պարոն Իոաննիսյանը սկսեց ինչ-որ սուտ լուրեր տարածել, որի տակ որևէ հիմք չկա»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ ծնվել է Երևան քաղաքում, սովորել է Երևանի դպրոցներից մեկում, համալսարանում, խաղացել է բակում. «Շփվել եմ բակի երեխաների հետ դպրոցական տարիներին, ուսանողական տարիներին ընկերություն ենք արել, կռվել-բարիշել ենք ու կա մի հասկացողություն՝ «քաղաքի տղա», Երևան քաղաքի նորմալ տղաները, որոնք ապրել և գործունություն են ծավալել Երևան քաղաքում, ճանաչում են բոլոր թաղամասերում ապրող տղաներին:
Հանկարծ մեկը չմեկնաբանի, որ ես հիմա հաստատում եմ, որ ճանաչում եմ այն անձանց, որոնց անունը տվել է պարոն Իոաննիսյանը»,- ասաց նա և պարզաբանեց, թե Իոաննիսյանի նշած քրեական հեղինակություններից ում ինչպես է ճանաչել:
«Ես ճանաչում եմ Բաբկեն Ղազարյանին՝ «Թոխմախի Բաբոյին», նա ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, երբ ես աշխատել եմ էրեբունի վարչական շրջանում որպես ԱԱԾ բաժնի պետ և ի պաշտոնե շփվել եմ, և այո, նորմալ հարաբերություններ է ձևավորվել այդ անձի հետ:
Ինչ վերաբերվում է Արշակ Հակոբյաննի, ով եղել է ոստիկանապետի անվտանգության ծառայության պետը, իր հետ ծանոթ եմ դեռևս 1996 թվականից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈւ-ում, իսկ նա աշխատում էր ՌՈ-ում: Նրա հետ ընկերներ չենք, ճանաչել եմ այնքանով, որ նա սպա է եղել, ես՝ զինվոր:
Հետագայում նա եղել է ոստիկանության համակարգի աշխատակից, և այն մեղադրանքները, որ հնչեցվում է, իրականության հետ կապ չունի, ես Արշակ Հակոբյանի հետ երբևէ ընկերական հարաբերություններ չեմ ունեցել, չունեմ, այո ճանաչում եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերիմ հարաբերություններ չունեմ»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց՝ ինչ վերաբերում է «Վստրեչի Ապերին»՝ Արամ Վարդանյանին, նրան մեկ-երկու անգամ է տեսել՝ գործնական հանգամանքներով: «Նա կատարել է իրավախախտում, իրեն բերման եմ ենթարկել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Ինչ վերաբերում է, որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ, որ պարոն Իոաննիսյանը հանգիստ նստի տեղը»,- եզրափակեց նա:










