Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը կարող է վերսկսվել հունիսի վերջին. Reuters

05:19 • 24.05.19

Միացյալ Նահանգների քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչները հուսով են, որ հունիսի վերջին ԱՄՆ-ը կվերսկսի Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Boeing 737 ինքնաթիռների շահագործման ճշգրիտ ամսաթիվը դեռ չի որոշվել: Համապատասխան տեղեկությունը հաղորդվել է Մոնրեալում կայացած Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) շտաբում՝ ոչ պաշտոնական ճեպազրույցի ժամանակ:  

Նշվում է, որ ԻԿԱՕ-ից հաստատել են, որ նման հանդիպում տեղի է ունեցել, սակայն հրաժարվել են մանրամասներ հրապարակել:

Հիշեցնենք, որ 2019 թ.մարտի 10-ին Եթովպիայում վթարի էր ենթարկվել Եթովպիական ավիաուղիների Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էր 157 մարդ: Իսկ 2018 թ. հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի էր ենթարկվել Lion Air ավիաընկերության նույն մոդելի ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել էր 189 մարդ: