Սիրիայի հարավում զինյալները գերի են վերցրել մի խումբ զինվորականների

05:41 • 24.05.19

Սիրիայի հարավում կառավարական բանակին հանձնված զինված խմբավորման նախկին անդամները հարձակվել են Ջիլին բնակավայրի (Դամասկոսից 110 կմ հեռավորության վրա) ռազմական բազայի վրա, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Al Masdar պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զինյալները վերահսկողության տակ են վերցրել ռազմաբազան և շտաբը` գերեվարելով մի խումբ սպաների: Գերիների հստակ թիվը չի հաղորդվում:

Նշվում է, որ զինյալները պահանջել են, որ Սիրիայի իշխանությունները գերիներին հանձնելու դիմաց ազատ արձակեն իրենց նախկին հրամանատար Հայսամա ալ-Հարիրին, որը ձերբակալվել էր բանակի հետախուզության կողմից:

Սիրիական զինված ուժերի հրամանատարությունը դեռ չի մեկնաբանել Ջիլինում տեղի ունեցած միջադեպը: