20-ամյա բրիտանուհին դաջվածք է արել և վարակվել մահացու վիրուսով
Անգլիական Ուիքֆորդ քաղաքի բնակչուհին դաջվածք է արել և վարակվել մահացու վիրուսով: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Sun-ը:
Ըստ աղբյուրի՝ Նենսի Անդերսոնը փորձել է հերթագրվել դաջվածքների սրահում, սակայն բոլոր մասնագետները զբաղված են եղել: Ընկերները նրան հորդորել են դիմել մարդու, որը ծառայություն է մատուցում տանը: Աղջիկը հիշում է, որ «այսպես կոչված վարպետը» անտեսել է հիգիենայի կանոնները և աշխատելուց առաջ ասեղը պաշտպանիչ ժապավենով չի փաթաթել: Նա ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:
20-ամյա աղջիկը, որը 6 դաջվածք ունի, խոստովանել է, որ 5 ժամ տևած սեանսը չափազանց ցավոտ է եղել: «Դա սարսափելի էր: Ես ստիպված էի կանգնեցնել նրան», - ասել է նա: Հաջորդ օրն Անդերսոնի ձեռքը թուլացել է: Բրիտանուհին անմիջապես հիվանդանոց է դիմել, որտեղ նրա մոտ ախտորոշել են կյանքին սպառնացող վիրուս: «Ձեռքս այնքան այտուցված էր, որ արյունը դադարել էր նորմալ շրջանառվել»,- պատմել է աղջիկը:
Բժիշկները հիվանդին անհետաձգելի օգնություն են տրամադրել, ներարկել հակաբիոտիկներ: Աղջկա ներկայիս վիճակի մասին չի հաղորդվում:










