Տեղի ունեցավ Արմենական կուսակցության համագումարը, բայց ոչ հիմնադիր. անհրաժեշտ 60 հրավիրյալները չէին կարողացել ներկայանալ

14:34 • 25.05.19

Արմենական կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար պետք է աներ, սակայն համագումարը կայացավ՝ չլինելով հիմնադիր համագումար, քանի որ անհրաժեշտ 60 հոգին չէին կարողացել ներկայանալ։

Ըստ Արմենական կուսակցության համակարգող Արա Պողոսյանի՝ շատերը ժամանակի մեջ չկարողացան հասնել՝ Սփյուռքից էին։ Անկախ ամեն ինչից կուսակցության հիմնադիրները ներկայացրեցին կուսակցության գաղափարախոսություն ու նպատակները։ Նրանք նաև կարդացին Սփյուռքից իրենց կոչին միացածների հայտարարությունները։ Կուսակցությունը նախագահ չի ունենալու, այլ ունենալու է նախագահություն։

Լրագրողների հետ զրույցում Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արա Պողոսյանը նշեց, որ ինքը 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում հիմնադրված Արմենական կուսակցության ժառանգն է, այսինքն` ինքը մեծացել է արմենականների գաղափարախոսության  ներքո։

«Գաղափարը վաղուց կար, սակայն ժամանակի ընթացքում տեսանք, որ կա նաև արմենական գծի անհրաժեշտությունը։ Ցանկանում ենք վերստեղծել Արմենական կուսակցությունը, որը մեր պատմության առաջին, թերևս նաև միակ կուսակցությունն էր, որը հիմնադրվեց բուն Հայաստանում՝ Արևմտյան Հայաստանում։ Ելնելով արդի քաղաքական և աշխարհաքաղաքական մարտահրավերներից՝ առաջացել էր ազգային ուժի գոյության սուր անհրաժեշտություն»,- ասաց նա։

Արա Պողոսյանը նշեց, որ կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել ընդդիմադի՞ր, թե  իշխանամետ դիրքերից է խոսելու։ Նրա գնահատմամբ՝ այսօր երկրում անցումային շրջան է և ներկայիս իրավիճակը լուրջ փոփոխություններ է կրելու, իսկ երբ ՀՀ ներքաղաքական կյանքը կհստականա, իրենք էլ վերջնական որոշում կկայացնեն։

«Այս պահին մեր կարևորագույն խնդիրներից մեկը կուսակցաշինական աշխատանքներն են։ Մեր նպատակն է դառնալ կամուրջ հայության տարբեր հատվածների միջև, քանի որ մեր կոչին արձագանք եղավ նաև սփյուռքյան մի շարք համայնքներից, որտեղ ևս կային արմենակյանների ժառանգները։ Մեր հիմնական առաքելություններից մեկը համարում ենք հայկական հարցն ու արևմտահայությունը, իսկ արևմտահայություն ասելով՝ հասկանում ենք ոչ միայն Սփյուռքում բնակվող արևմտահայերի ժառանգներին, այլև ժամանակակից Թուրքիայի տարածքում բնակվող մեր եղբայրակիցներին, ովքեր ապրում են ինքնության ճգնաժամ»,- ընդգծեց Արա Պողոսյանը։

Վերջինս նշեց, որ համագումարից հետո իրենք ակտիվ քարոզարշավ կսկսեն, որպեսզի իրենց շարքերը համալրվեն։ «Քաղաքականությունը պետք է լինի պրոֆեսիոնալների քաղաքականություն, հենց այս իմաստով մենք խնդիր ունենք պրոֆեսիոնալների քաղաքական թիմ ձևավորելու»,- եզրափակեց Արա Պողոսյանը։