Վենեսուելայում ոստիկանության հետ բախումների հետևանքով 29 կալանավոր է զոհվել
Վենեսուելայի հյուսիս-արևմտյան հատվածի բանտերից մեկում կալանավորների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 29 մարդ է զոհվել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ բոլոր զոհվածներն ազատազրկվածներ են:
Նշվում է, որ բախումների ժամանակ կալանավորները երեք նռնակ են պայթեցրել, ինչի հետևանքով իրավապահներից մի քանիսը վնասվածքներ են ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել Ասարիգուա քաղաքում: Բանտային իշխանությունների փոխանցմամբ՝ բախումները տեղի են ունեցել փախուստի փորձի հետևանքով: Իրավապաշտպան կազմակերպությունները կատարվածը «սպանդ» են որակել:
«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ազատազրկվածների և ոստիկանների միջև բախման հետևանքով միայն կալանավորներ են զոհվել: Կամ եթե նրանց մոտ զենք է եղել, ինչպե՞ս են նրանք այն ձեռք բերել»,-ասել է Վենեսուելայի կալանավայրերի մշտադիտարկման կենտրոնի ներկայացուցիչ Ումբերտո Պրադոն:










