Պատմական Եղեգիս քաղաքը շարունակում են քանդել ավելի ինտենսիվ, թեպետ առկա է քարհանքի աշխատանքը կասեցնելու գրություն. ահազանգ (տեսանյութ)
Վայոց Ձորի մարզի պատմական Եղեգիս քաղաքում շարունակում է ծանր տեխնիկա աշխատել՝ չնայած համայնքապետարանից և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ստացված գրության, որ պետք է կասեցնել հնավայրում քարհանքի աշխատանքը, մինչև տեղանքին կարգավիճակ կտան. ահազանգում է մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը, ով հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել և զարմացել հնավայրում տեղի ունեցող նման մասշտաբի ավերածություններից:
Tert.am-ի հետ զրույցում Մարատ Զաքարյանը նշեց, որ տարածքում երեսուն տարի շարունակ գործող արտադրամասը հանքից քարերը վերածում է ավազի։ 80-ականներին Եղեգիս քաղաքի ծայրամասում քարհանքի շահագործման իրավունք են տվել, ընդորում՝ դա տվել է Մելանյա Դովլաթյանը, ով այն ժամանակ գործկոմի նախագահ է եղել և Սովետական միության փլուզումից հետո գործկոմից միանգամից տեղափոխվել է մարզային հուշարձանների պահպանության կոմիտե և մինչև այսօր այնտեղ է աշխատում: «30 տարուց ավելի է հնավայրը քանդում են՝ քաղաքի պարիսպները, ինչ պատահի, կիրճի կողմից քանդել՝ հավասարեցրել են»,-ասաց նա:
Մարատ Զաքարյանը նշեց, որ մեկ ամիս առաջ ահազանգել է Վայոց Ձորի հուշարձանների պահպանության մարզային գրասենյակի պետ Մելանիա Դովլաթյանին, ապա հուշարձաների պահպանության երևանյան գրասենյակին, Մշակույթի նախարարությանը, ԶԼՄ-ներին և կարծել է, թե սայլը տեղից շարժվեց, քանի որ ինքն իր դիմումներին ի պատասխան գրություն էր ստացել աշխատանքները կասեցնելու մասին և ենթադրել, որ նման գրություն ստացել են նաև հանքի շահագործողները:
«Հուշարձանների պահպանության երևանյան գրասենյակից ինձ ասացին, որ պատմական այդ քաղաքը կարգավիճակ չունի որպես հատուկ պահպանության գոտի, չնայած համայնքապետարանում դա որպես հատուկ պահպանման տարածք է նշված: Բայց իմ դիմումներին որպես արձագանք գրություն են ուղարկել և՛ համայնքապետարանից, և՛ հուշարձանների պահպանության երևանյան գրասենյակից, որ կասեցնել քարհանքի աշխատանքը, որևէ գործողություն չծավալել, մինչև կարգավիճակ կտան, հատուկ ցուցանակ կտեղադրվի և այլ գործողություններ կկիրառվեն: Ենթադրվում է, որ նման գրություն ստացել է նաև քարհանքի սեփականատերը, նաև մարզային հուշարձանների պահպանության տնօրեն Մելանյա Դովլաթյանը, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկում և շարունակում են քանդել ավելի ինտենսիվ, ահավոր կերպով, մեքենան մեքենայի հետևից քանդում է, ավիրում են համատարած»,-ասաց նա:
Մարատ Զաքարյանն ասաց, որ չի հանձնվել, երեկ կրկին տեղանք է գնացել, նկարահանել տեխնիկայի աշխատանքը, և կրկին զանգերով դիմել պատկան մարմիններին: «Կիսապաշտպանի ճշգրտությամբ ինձ պաս են տալիս այս կառույցից այն կառույց, այն համարից խնդրում զանգել այն համար, քնած ձայներով քարտուղարուհիները ոնց որ ֆուտբոլային պաշտպաններ լինեն և այդպես գործը մնում է թղթի վրա, ընդամենը խոսակցությունների մակարդակի, իսկ այս մարդիկ հրոսակների նման քանդում են ու քանդում»,-ասաց նա:
Քաղաքացին նշեց, որ հանքը շահագործողներին չի մոտեցել՝ ասել, թե ինչու են շարունակում քանդել, ոչ թե նրա համար, որ կաշկանդվում է, այլ որովհետև ինքը դրա իրավունքը չունի: «Պարզապես կարող են ասել, դուք ո՞վ եք ընկեր, այլ բան եթե ոստիկանությունից, պահպանման կառույցներից գնան»,-ասաց նա:
Հարցին, թե տեղանքը ուսումնասիրվե՞լ է երբևէ, ասաց որ նախ հուշարձանների պահպանություն է զանգել, որտեղ ասել են, որ դա գրանցված չէ և խորհուրդ են տվել զանգել Մշակույթի նախարարություն:
«Նախարարությունից ասացին, որ նրանք ստում են պարոնայք, քաղաքը հատուկ պահպանման գոտի է, մենք գերազանց ճանաչում ենք, գիտենք, իրավունք չունեն որևէ բանի ձեռք տալ, վնասել: Այն մոտավորապես 4 կմ երկարություն ունի, շատ հայտնի է իր պամությամբ, քաղաքին կից հրեական գերեզմանոց կա, չի կարելի այնտեղ որևէ քարի դիպչել անգամ, ինչ մնաց տեխնիկա մտցնելու ու տարիներ շարունակ ավիրել: Պարզապես անգործություն է, մարդիկ իրենց տեղում չեն, ցանկացած կառույց, որևէ մեկին չի անհանգստացնում այս հարցը, չեմ հասկանում ինչպես, կաշառո՞ւմ են, կապե՞ր ունեն, թե՞ միևնույնն է բոլորին»,-ասաց նա և նշեց, որ ավելի վաղ ջրագիծ են անցկացրել:










