Եվրամիության 21 երկրում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները
Այսօր՝ մայիսի 26-ին, Եվրամիության կազմի մեջ մտնող 21 երկրում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների հիմնական փուլը: ԵՄ մյուս 7 երկրներում՝ Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Լատվիայում և Մալթայում քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Եվրամիության բոլոր երկրների քվեարկության արդյունքները Եվրախորհրդարանում կհրապարակվեն այսօր երեկոյան՝ անկախ քվեարկության անցկացման օրից:
Ընտրությունների արդյունքում 2019-2024թթ. պաշտոնավարման համար 751 պատգամավոր կընտրվի, ընդ որում՝ յուրաքանչյուր երկրից պատգամավորների թիվը կհաշվարկվի ըստ բնակչության թվաքանակի: Ամենաշատ մանդատը կստանա Գերմանիան՝ 96, ամենաքիչը՝ 6 մանդատ, կստանան Կիպրոսը, Մալթան և Լյուքսեմբուրգը:
Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից կախված կլինի Եվրամիության այլ կառույցներում ղեկավարող պաշտոնների բաշխումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին լրանում են Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի և մյուս 27 անդամների, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրախորհրդի արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնավարման ժամկետները:










