ԱՄՆ-ում «Իմ քայլը» հիմնադրամի համար հավաքվել է 1 մլն 60 հազար դոլար, City of smile-ի համար՝ մոտ 600 հազար․ ամփոփիչ ասուլիս
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և City of smile բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ԱՄՆ կատարած այցը՝ ապրիլի առաջին 2 շաբաթներին, բավականին երկարաժամկետ ու ծավալուն է որակում։ Սակայն այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանին նա խնդրեց ամփոփել ԱՄՆ կատարած այցը՝ «Իմ քայլը» հիմնադրամի մասով։
Ղազարյանը նախ խոսեց Աննա Հակոբյանի այցերի մասին՝ որպես ՀՀ վարչապետի կին։
«ԱՄՆ Կոնգրեսում ենք ունեցել հանդիպումներ՝ Կոնգրեսի գրադարանում: Այնուհետև կոնգրեսմեններ Աննա Էշլի և Ջեքի Սպիրսի նախաձեռնությամբ եղել է հանդիպում կոնգրեսականների հետ, որտեղ տիկին Հակոբյանը հանդես է եկել ելույթով: Եղել է նաև հանդիպում միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամում, որտեղ հիմնական խոսնակը եղել է տիկին Հակոբյանը և մասնավորապես խոսվել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին: Ունեցել ենք նաև համայնքային հանդիպումներ»,- ասաց նա։
Վերջինս նշեց, որ այցը շարունակել են՝ գնալով Բոստոն, որտեղ եղել է Րաֆֆի և Նինա Ֆեսթենջյանների տանը, եղել է հանդիպում և երեկույթ՝ նվիրված «Իմ քայլը» հիմնադրամին։ Համայնքային հանդիպումները, ըստ Հովհաննես Ղազարյանին, շարունակվել են Լոս-Անջելեսում։
«Հիմնական հանդիպումը եղել է «Ալեքս» թատրոնում, շուրջ 1500 հոգի մասնակցել են այդ հանդիպմանը: Մասնակցություն ենք ունեցել հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Տարբեր բնույթի, տարբեր բնագավառներ ներկայացնող մարդկանց և կազմակերպությունների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկել ենք հնարավոր համագործակցության եզրերը: Նյու Յորքում հանդիպել ենք ՀԲԸՄ-ի ակտիվ կանանց հետ՝ շուրջ 30 հոգի, որտեղ նույնպես ներկայացրել ենք հիմնադրամը, մեր անելիքները: Հանդիպել ենք Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ, Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ պարոն Վարդան Գրիգորյանի հետ, ինչպես նաև «Դավիթյան» հիմնադրամի հիմնադիր պարոն Ասո Դավիթյանի հետ»,- մանրամասնեց Ղազարյանը։
Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը, խոսելով դրամական արդյունքների մասին՝ կապված «Իմ քայլը» հիմնադրամի հետ, հայտարարեց, որ հավաքագրվել է 1 մլն 60 հազար դոլար:
««Իմ քայլը» հիմնադրամի համար հավաքել ենք 1 մլն 60 հազար դոլար, որից 500 հազարը կստանանք այն պարագայում, երբ մեր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնենք 6 ամսվա ընթացքում: Այդ պայմանը դրվել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի կողմից: Մնացածի մասին լրացուցիչ կտեղեկացնենք, քանի որ դրամահավաքն ինքն իրենով մեկանգամյա գործընթաց չէ, հանդիպում ենք, ներկայացնում ենք ծրագրերը: Որոշ մարդիկ արագ են արձագանքում, որոշ մարդկանց հարկավոր է լրացուցիչ տեղեկատվություն, քանի որ ըստ ծրագրերի ենք ներկայացնում մեր անելիքները, և կան մարդիկ, որոնք ցանկություն ունեն կրթական ծրագրերի աջակցել, կան մարդիկ, որոնք սոցիալական են և այլն,- եզրափակեց Հովհաննես Ղազարյանը:
City of smile հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ ներկայացրեց այցը՝ նկատելով, որ հիմնականում եղել են գալա ընթրիքներ։ Նա նշեց, որ City of smile-ը՝ «Ժպիտների քաղաք»-ը, ԱՄՆ այցի արդյունքում հավաքագրել է 600 հազար դոլարի կարգի գումար։
«Այդ գումարը, բնականաբար, դեռ ակնկալում ենք ստանալ, քանի որ պրոցեսներ կան գումարները հավաքագրելու և փոխանցելու հետ կապված, բայց, կարծում եմ, մոտ ժամանակներս պիտի որ ստանանք այդ գումարները»,- ընդգծեց Դեմիրճյանը։
Սակայն նա այցի կարևոր կետերից է համարում Մեֆիսում «Սուրբ Հուդա» հիվանդանոց այցը, որը մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոն է։
«Այս հիվանդանոցն աշխարհում լավագույններից է համարվում, և ստեղծվել է գլոբալ ալյանս, որտեղ Հայաստանը հանդես եկավ առաջին անդամակցող երկիր։ Այս ալյանսի շրջանակում կունենանք տարատեսակ համագործակցություններ, ինչպես նաև «Սուրբ Հուդա» հիվանդանոցի օժանդակությամբ նախագծվում է ՀՀ-ում առաջին մանկական պալիատիվ բաժանմունքի նախագծային աշխատանքները, հույս ունենք՝ շինարարությունը կսկսեն հունիսին, և մինչև տարվա ավարտը կկարողանանք բացել այն»,- հավելեց Էսթեր Դեմիրճյանն։
Ինչ վերաբերում է հարցին՝ հիմնադրամը քաղցկեղով կամ արյան հիվանդությամբ քանի երեխայի է օգնել, Դեմիրճյան ասաց, որ 150 երեխայի և երիտասարդի է օգնել City of smile՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, սակայն, այդ թիվն աճում է և առ այսօր մոտ 120 միլիոն դրամի գումար է հատկացվել։










