Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր․ Աննա Հակոբյանը՝  որդու՝ ՀՀ զորամաս տեղափոխվելու մասին

14:58 • 27.05.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը վստահեցնում է, որ իրենց որդին՝ Աշոտը, ՀՀ ԶՈւ-ում ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր։ Նա լրագրողների հետ հանդիպմանը հերքեց լուրերը,թե որդին օրերս տեղափոխվել է ՀՀ, քանի որ Արցախում դրությունը վատ է։

«Աշոտն իր մյուս զինվոր ընկերների հետ եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների, ժամանակավոր է, վերադառնալու է։ Նրա Երևան գալը ոչ մի նման բանի հետ կապ չունի, ինքը, ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայությունը: Սա միակ դեպքը չէ, դեռ 1 տարի Աշոտը պետք է ծառայի, ենթադրում եմ, որ գուցե այդ 1 տարվա ընթացքում նորից լինեն տարբեր զորամասեր, որովհետև դա ընդունված է, քանի որ  զինվորները մասնակցում են վերապատրաստումների, սովորական երևույթ է: Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր»,- ասաց նա։

Վերջինս հավելեց, որ որդու ծառայությունը որևէ կերպ չի տարբերվում ՀՀ ԶՈւ-ի մյուս զինվորերի ծառայությունից։ Հարցին, թե Երևանում եղած ժամանակ եղե՞լ է օր, որ Աշոտը անցկացնի տանը և ոչ թե զորամասում, Աննա Հակոբյանը պատասխանեց. «Ինքը ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և 1 օր եղել է տանը»:

Աննա Հակոբյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է հաճախ ուղեկցում ամուսնուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտասահմանյան այցերի ժամանակ։ Նա հիշեցրեց, որ արդեն իսկ պարզաբանել է, որ իր այցը չի լինում պետբյուջեի հաշվին։

«Նախորդները չէին անում, չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, որ երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռը, գնալ ու նրա կողքին լինել։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»,- ընդգծեց Աննա Հակոբյանը։

Հակոբյանը հավելեց, որ իր գործուղումներն ավելի շատ են, քանի որ «Իմ քայլը» և City of smile հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

 

ՀեղինակԱնի Օհանյան