Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատը կանցլեր Սեբաստիան Կուրցի կառավարությանն անվստահության քվե է հայտնել

19:22 • 27.05.19

Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցի կառավարությանն անվստահության քվե է հայտնել, գրում է EuroNews-ը։

Որոշմանը կողմ են քվեարկել Սոցիալ-դեմոկրատական (52 պատգամավոր), Ավստրիայի ազատության (51 պատգամավոր) և  JETZT (7 պատգամավոր) կուսակցությունները։

Կուցն ու նրա կառավարությունը պաշտոնապես կմնան իշխանության ղեկին, քանի դեռ դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը չդադարեցնի նրանց լիազրոությունները, որից հետո նախարարների նոր կաբինետ կնշանակի։

Հայտնի է, որ սա Ավստրիայում 1945թ․-ից ի վեր խորհրդարանի կողմից կանցլերին փոխելու առաջին դեպքն է։ Կուրցին անվստահության քվե հայտնելու հարցը բարձրացվել էր ընդդիմության կողմից՝ երկրում կառավարական ճգնաժամի ֆոնին, որին հանգեցրել էր երկրի նախկին փոխկանցլեր և Ավստրիայի ազատության կուսակցության առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրախեի մասնակցությամբ սկանդալային տեսագրության հրապարակումը։

Շտրախեն մայիսի 18-ին հրաժարական էր տվել, իսկ Կուրցը հրաժարվել էր Ավստրիայի ազատության կուսակցության հետ կառավարական կոալիցիայում աշխատանքը շարունակելուց։ Նա իր կուսակցությունից մասնագետի էր նշանակել, ինչն ընդդիմության դժգոհությունն էր հարուցել։

Սեբաստիան Կուրցը Ավստրիայի կանցլերի պաշտոնը ստանձնել է 2017թ․-ի դեկտեմբերին՝ դառնալով ամենաերիտասարդ ղեկավարը․ նա ընդամենը 32 տարեկան է։