«Այստեղ ինձ ամենաշատը մարդիկ են զարմացնում»․ Հայաստան տեղափոխված իսրայելցի դասախոսը պատմել է իր տպավորությունների մասին

22:56 • 27.05.19

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս, Իսրայելի քաղաքացի Վլադիմիր Ռուժանսկին բլոգեր Անտոն Եվստրատովի հետ զրույցում պատմել է 2 տարի առաջ Հայաստան տեղափոխվելու մասին։ Զրույցի տեսագրությունը տեղադրվել է բլոգերի յութուբյան ալիքում։

Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտություն ամբիոնի աշխատակիցը Հայաստան է տեղափոխվել կնոջ հետ։ Վերջինիս մուտքը Իսրայել չեն թույլատրել, և զույգը որոշել է մնալ Հայաստանում։

«Երկիրը շատ հին ու գեղեցիկ է, Հայաստանում ինձ ամենաշատը մարդիկ են զարմացնում։ Կյանքը բարդ է, մշտական պատերազմական վիճակ է, ինչպես Իսրայելում, սակայն մարդկանց մեջ ապշեցնող է այն, որ նրանք կարողանում են պահպանել իրենց մարդկայնությունը։ Նրանք բարի են, գթասիրտ։ Կարծում եմ՝ դա հայերի ազգային հատկանիշն է։ Նրանք չեն չարացել, այլ պահպանել են իրենց սկզբունքները, իրենց դաստիարակությունը»,- ասել է Ռուժանսկին։

Համեմատելով երկու երկրների բանակները՝ Հայ-ռուսական համալսարանի դասախոսը նշել է, որ իսրայելական բանակը Մերձավոր Արևելքում ամենահզորն է, սակայն հայ զինվորները նույնպես չեն զիջում։

«Հայերը դժվար հաղթանակ են տարել Արցախյան պատերազմում։ Այդ հաղթանակի արդյունքը, եթե անգամ օգտագործվել է, ապա ոչ ամբողջ հզորությամբ։ Դա շատ տխուր է, քանի որ կարծում եմ, որ հայ զինվորը ոչնչով չի զիջում իսրայելցի զինվորին, ինչն ապացուցվեց 2016թ․-ի պատերազմում, հնարավոր է՝ անգամ գերազանցում է իր մարտական որակներով»,- պարզաբանել է մասնագետը։

Նա հավելել է, որ հայկական կրթական համակարգն այնքան էլ վատը չէ, ինչպես կարծում են ոմանք՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկիր օտարերկրացի ուսանողներ են ժամանում։