Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարն իր թեկնածությունն է առաջադրել երկրի վարչապետի պաշտոնում
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն իր թեկնածությունն է առաջադրել Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում։
«Ես առաջադրվում եմ Պահպանողական կուսակցության և մեր երկրի վարչապետի պաշտոնում։ Մենք պետք է վերականգնենք վստահությունը, միասնություն մտցնենք և նոր հնարավորություններ ստեղծենք Մեծ Բրիտանիայի համար, բայց նախևառաջ մենք պետք է ապահովենք Բրեքզիթը»,- ասել է նախարարը տեսաուղերձում։
Ջավիդը երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող 9-րդ թեկնածուն է։ Անցած շաբաթ այդ պաշտոնում առաջադրվել էին նաև Շրջակա միջավայրի նախարար Մայքլ Հոուվը, արտգործնախարար Ջերեմի Հանթը, խորհրդարանի Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը, առողջապահության նախարար Մեթ Հեքոկը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ օրերս երկրի գործող վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր հունիսի 7-ին Պահպանողական կուսակցության առաջնորդի և հետևաբար երկրի վարչապետի լիազորությունները վայր դնելու մասին։ Նա նման որոշման էր հանգել կուսակիցների և նախարարների կաբինետի անդամների տևական ճնշումներից հետո, որոնց պատճառը «Բրեքզիթ»-ի՝ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս բերելու գործընթացի առնչությամբ դժգոհություններն էին։










