Ոչ մեկը չի ուզում, որ իր ծնողներին վիրահատեն գրագող բժիշկները, որ մեր գործերը քննեն դատավորները, որոնք իրականում գիտական հետազոտություն չեն արել. Սմբատ Գոգյան
Կողմ եմ, որ ատենախոսությունների պաշտպանությունը պարտադիր հեռարձակվի օնլայն ռեժիմով. այս «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» հարցով ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթի նիստին ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:
Ըստ նրա՝ դա կապահովի պրոցեսը կոծկելու երևույթը, երբ որոշ բնագավառներում դա լինում է թաքուն: Գոգյանը նշեց, որ կան մարդիկ, որ չեն ուզում պաշտպանությունն օնլայն հեռարձակվի, և իրենց չեն կարող ստիպել, ուստի պետք է այս բոլոր աշխատանքները կանոնակարգվեն:
Բացի այդ, ըստ նրա, պետք է ատենախոսություն պաշտպանելուց մեկ կամ երկու ամիս առաջ ատենախոսությունը տեղադրվի ԲՈԿ-ի պորտալում, որը ստեղծում են: «Ցանկացած մարդ կարող է ուսումնասիրել ատենախոսությունը, և եթե մտքի գողություն կա, կամ ունի զուտ բացասական վերաբերմունք, նա թեկուզ անանուն կարողանա արտահատվել»,-ասաց նա:
Գոգյանը օրինակ բերեց, որ Մոլդովայում գրագողության մեջ բացահայտված դասախոսին արգելում են քննություն ընդունել: «Այսինքն՝ նրան չեն արգելում դասավանդել, բայց քննություն չի ընդունում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ստորացուցիչ է դասախոսի համար»,-ասաց նա:
ԲՈԿ նախագահը նշեց, որ կան տարբեր գործիքներ՝ գրագողության դեմ պատասխանատվության կանչելու, բայց դրա մասին աշխատանքային խմբով կցանկանար կազմակերպել: Նա հիշեցրեց, որ ժամանակին նման խումբ էր նախաձեռնել, բայց շատ քիչ մարդիկ են արձագանքել, խումբը ձևավորվել էր երեք հոգով, այդ թվում նաև՝ ինքը, բայց պրակտիկ արդյունքի չեն հասնել: «Հիմա պահը հասունացել է, կամքը ավելի մեծ է, բոլորս ենք հասկանում ոչ մեկը չի ուզում, որ իր ծնողներին վիրահատեն գրագող բժիշկները, որոնք այդ հետազոտությունները չեն արել, չենք ուզում մեր գործերը քննեն դատավորները, որ իրականում գիտական հետազոտություն չեն արել, երեխաների կրթական ծրագրերը մշակեն մարդիկ, ովքեր մանկավարժական դոկտոր են, բայց երբեք մանկավարժական հետազոտություն չեն արել, և ամեն գրածը սուտ է»,-ասաց նա:
Սմբատ Գոգյանը նշեց, որ կարծում է՝ պետք է ստեղծվի մեկ համակարգ, որին միանան ՀՀ բոլոր բուհերը: «Պետք է բուհերը կարողանան ամեն մի կուրսային, դիպլոմային, մագիստրոսական թեզ պաշտպանելուց հետո ֆայլերը համակարգին ուղարկել, ստուգվի, և պատասխան տա, արդյոք կա՞ գրագողություն, թե ոչ»,-ասաց նա:










