Ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը օդ է բարձրացել՝ դրսում թողնելով 30 ուղևորի

23:33 • 27.05.19

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը Կիևից Օդեսսա էր մեկնում, օդ է բարձրացել՝ դրսում թողնելով 30 ուղևորի, որոնք այդ պահին դեպի ինքնաթիռ տանող ավտոբուսում են գտնվել, գրում է strana.ua-ն։

«Ամուսինս ու դուստրս թռան, իսկ ես մյուս դստերս հետ երկրորդ ավտոբուսն էի նստել։ Երբ նա ասաց, որ ինքնաթիռի դռները փակել են, և այն պատրաստվում է օդ բարձրանալ, մտածեցի՝ կատակում է»,- պատմել է չվերթի ուղևորներից մեկը։

Ավիաընկերության ղեկավարությունն արդեն ներողություն է խնդրել միջադեպի համար։ Նրանց խոսքով՝ սխալի պատասխանատուն աշխատակիցներից մեկն է, որի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Ավիաընկերությունը «մոռացված» ուղևորներին կվերադարձնի ավիատոմսի գումարը և այլընտրանքային չվերթ կառաջարկի, ինչպես նաև 250 եվրոյի չափով փոխհատուցում կվճարի։