Ամերիկացի գիտնականը հայտնել է, թե որն է արհեստական ինտելեկտի ներկայացրած գլխավոր վտանգը

19:11 • 27.05.19

Արհեստական ինտելեկտը՝ որպես տեխնոլոգիա, ինքնին որևէ վտանգ չի ներկայացնում, վտանգավորն այն է, թե ինչպես մարդը կօգտվի այդ տեխնոլոգիայից։ Այս մասին РИА Новости գործակալության հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Յեյլի համալսարանի դասախոս, գիտնական Վենդել Վալլահը։

Գիտնականը նշել է, որ տեխնոլոգիաները կարող են վտանգավոր դառնալ, եթե ինչ-որ մեկը ցանկանա դրանք օգտագործել մարդկանց զգացմունքներն ու պահվածքը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով։

«Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մենք ունենանք այնպիսի սենսորներ, որոնք գիտեն՝ երբ ենք վախ զգում կամ երբ ենք առավել խոցելի։ Ինձ համար ամենասարսափելին արհեստական ինտելեկտը լրտեսման նպատակով կիրառելն է։ Բացի այդ, ի՞նչ կլիներ, եթե արհեստական ինտելեկտը կառավարեր մահաբեր զենքերը։ Դա վախենալի կլիներ, սակայն մեզ այդ ամենը հարկավոր չէ»,- պարզաբանել է Վալլահը։

Նա թերահավատորեն է վերաբերվել գիտնականների կողմից մարդու ուղեղի նման տեխնոլոգիա ստեղծելու հավանականությանը՝ ընդգծելով, որ մենք դրանից դեռևս շատ հեռու ենք, իսկ բարոյական հարցերի տեսանկյունից նման առաջադրանքն այնքան էլ հեշտ չի լինի։

Գիտնականը եզրափակել է խոսքը՝ ասելով, որ ապագայում տեխնոլոգիաները մարդկությանը ավելի շատ օգուտ կբերեն, քան վտանգ կներկայացնեն։ «Բարդությունը նման տեխնոլոգիաների ստեղծման՝ հասարակության համար անցանկալի հետևանքները նվազագույնի հասցնելն է»,- ասել է Վալլահը: