Մի մոռացեք, որ ծիլերը վեր են բարձրացել հենց այստեղ՝ ձեր ոտքերի տակ թափված արյան շնորհիվ. Աղվան Հովսեփյանը՝ Ապարանում

13:48 • 28.05.19

Մայիսի 28-ի կապակցությամբ այսօր Ապարանում անցկացվեց տոնական միջոցառում, որին մասնակցում էին Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և այլք:

Աղվան Հովսեփյանը շնորհավորեց բոլորին խանդավառության, հերոսությունների համար: «Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը նայի իր ոտքի տակ: Կտեսնեք կանաչ ծիլեր: Երբեք մի մոռացեք, որ այդ ծիլերը վեր են բարձրացել հենց այստեղ՝ ձեր ոտքերի տակ թափված արյան շնորհիվ: Պահեք, պահպանեք, խնամեք այդ ծիլերը, որովհետև եթե դրանք չորանան, կչորանան հերոսների անունները»,- ասաց նա:

Միջոցառման ընթացքում կտրվեց նաև Հայաստանի եռագույնի տեսքով տորթը: Աղվան Հովսեփյանն անձամբ տորթից մի քանի կտոր բաժանեց քաղաքացիներին:

Լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղել նրան «Մարտի 1-ի» գործի հետ կապված, բայց նախկին դատախազը չպատասխանեց դրանց: