ՀԷՑ-ն Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ ֆուտզալի մրցումներ անցկացրեց. հաղթողները պարգևատրվեցին (լուսանկարներ)
Մայիսի 25-ից 27-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն Առաջին Հանրապետության 101-ամյա տոնին նվիրված ֆուտզալի առաջնության մրցումներ էր կազմակերպել: Մրցումներին մասնակցել են ՀԷՑ-ի 11 թիմեր՝ 3-ը՝ Երևանից, 7-ը՝ մարզերից և ևս մեկ թիմ՝ «Արցախէներգոն»՝ Արցախից:
ՀԷՑ ՓԲԸ-ի արհմիության նախագահ, ֆուտզալի մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Արտյոմ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մրցաշարի նպատակին, նշեց՝ ՀԷՑ-ում առողջ ապրելակերպին շատ մեծ ուշադրություն են դարձնում:
«Մենք արդեն 12 տարի անընդմեջ սեպտեմբեր ամսին Անկախության տոնին նվիրված մեծ սպարտակիադաներ ենք կազմակերպում 9 սպորտաձևերից, բայց մեր ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնում ֆուտզալի մրցաշարերին: Այս տարի էլ Հայաստանի Առաջին Հանրապետության 101-ամյա տոնին նվիրված կազմակերպել ենք այս մրցաշարը»,- ասաց Արտյոմ Մուրադյանը:
Վերջինս նկատեց՝ մրցաշարը, մանավանդ եզրափակիչ խաղերը, սիրողական մակարդակից էլ բարձր են, իսկ պատճառն այն է, որ ընկերությունում ֆուտզալին մեծ ուշադրություն են դարձնում: «Մենք արդեն միջազգային մի քանի մրցաշարերի հաղթող ենք դարձել: Այժմ այս մրցաշարի հիման վրա հավաքական թիմ կձևավորվի, որը կմասնակցի Հայաստանում և Հայաստանից դուրս ֆուտզալի սիրողական մրցաշարերի»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց ՀՖՖ-ին և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին աջակցելու համար՝ հայտնելով, որ ՀՖՖ-ն է տրամադրել ֆուտզալի մարզադահլիճները, մրցավարական կազմը:
«Մրցաշարի կազմակերպման բոլոր ծախսերը ՀԷՑ-ի արհմիութենական կազմակերպությունն է հոգացել: Կարծում եմ՝ սա սիրողական ֆուտզալի համար շատ մեծ խթան կհանդիսանա, որ նաև մյուս կոլեկտիվներն էլ օրինակ կվերցնեն, և մենք կմրցենք ոչ միայն ներքին առաջնություններում, այլև տարբեր կազմակերպությունների հետ»,- նշեց նա:
«Արցախէներգոյի» ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց՝ նման միջոցառումների կազմակերպումը թույլ է տալիս ավելի խորը ճանաչել մեկը մյուսին: «Մենք թեկուզ տարբեր հանրապետություններում ենք, բայց մի համակարգում ենք աշխատում, և սա հերթական առիթն էր, որպեսզի մեր աշխատողները, մասնագետները հերթական հարթակում միասին լինեն, շփվեն. միանշանակ դրական են արդյունքները»,- շեշտեց նա:
Նշենք, որ երրորդ տեղի համար մրցեցին Գյումրիի «Ղարս» և «Աղստև» մասնաճյուղերը, հաղթեց «Ղարս»-ը:
Առաջին և երկրորդ տեղերի համար թեժ պայքար ընթացավ «Վարչապարատ» և «Կենտրոն ՏՀՏ» թիմերի միջև: Ի վերջո, հաղթեց «Կենտրոնի ՏՀՏ» թիմը՝ 2:1 հաշվով:
Հաղթանակից հետո «Կենտրոն ՏՀՏ» թիմի հաղթական գոլը խփած Ժորա Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մրցակիցն ուժեղ էր, բայց իրենք երեք ամիս է՝ պատրաստվել են, տրամադրված էին:
«Պետք է հաղթեինք, այլ տարբերակ չկար, ամեն ինչ արեցինք»,- ասաց նա:
Իսկ թե ինչ են անելու գումարը, նա ասա ասաց՝ դեռ պարզ չէ, իրենց համար առաջնահերթը հաղթանակն էր, ապա մնացածը:
«Նախ՝ ուզում եմ շնորհավորել Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ: Մեր անձնակազմի համար շատ նշանակալի է այն հանգամանքը, որ մենք Արցախի մեր գործընկների հետ անցկացրեցինք այս սպորտային գեղեցիկ միջոցառումը: Մենք մեծ նշանակություն ենք տալիս նման միջոցառումներին, որը նպաստում է ինչպես աշխատանքի արդյունավետության, այնպես էլ հայրենասիրական ոգու բարձրացմանը: Բացի այդ, վստահ եմ, որ բոլորի մոտ բարի հիշողություններ են մնում»,-իր խոսքում նշեց ՀԷՑ գլխավոր տնօրեն Կ. Հարությունյանը:
Հաղթող թիմը ստացավ 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար նախատեսված գումարը 700 հազար դրամ էր, իսկ 3-րդ տեղինը՝ 500 հազար դրամ: Բացի այդ, նախատեսված էր 15 անհատական մրցանակ՝ լավագույն խաղացող, լավագույն դարպասապահ, հարձակվող, մարզիչ և այլ անվանակարգերում: Անհատական մրցանակների արժանացած մասնակիցներն էլ ստացան 50 հազարական դրամ գումար:















