Երևանի բակերից մեկի ավտոտնակում հայտնաբերված 46-ամյա տղամարդու մահվան պատճառը դաժան ծեծն է եղել. կասկածյալն ազատ է արձակվել. Shamshyan.com

00:35 • 28.05.19

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24–ին միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի վերջինը որպես խափանան միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 25 շենքի բնակիչ, 21-ամյա Գենրիխ Ալավերդյանի նկատմամբ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:

Կայքը գրել է, որ մայիսի 18-ին Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 25 շենքի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա: Ոստիկանները պարզել էին, որ մահացածը նույն հասցեում բնակվող, 46-ամյա Արամ Նահապետյանն էր: Տեղում դատաբժիշկը դին արտաքին զննության ենթարկելով՝ հայտնաբերել էր մարմնի վրա քերծվածքներ և արյազեղումներ: Նույն օրը Ա. Նահապետյանին ծեծելու հետևանքով մահվան հասցնելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանները բաժին էին բերման ենթարկել Գ. Ալավերդյանին, ով ձերբակալվել է:

Պարզվել է, որ մինչև մահանալը՝ մայիսի 15-ին և 16-ին Գ. Ալավերդյանը վիճաբանել է Ա. Նահապետյանի հետ, որի ժամանակ էլ դաժան ծեծի է ենթարկվել: Վիճաբանությունը տեղի է ունեցել գումարային հարցերի շուրջ: 

Մայիսի 18-ին արդեն ձերբակալված Գ. Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրեական գործն Արաբկիրի հետաքննչական բաժանմունքից փոխանցվել է քննչական բաժին, և քննիչը դիմել է դատարան և դատավոր Աննա Դանիբեկյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը ու դատարանից Գ. Ալավերդյանին ազատ է արձակել:

Աղբյուրը նշել է, որ դատավորն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Գ. Ալավերդյանը կատարվածի համար զղջացել է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: