«Ղալաթ էին անում». Տիգրան Ավինյանը՝ Ազատության հրապարակից Բակո Սահակյանի հասցեին hնչած սպառնալիքների մասին

14:14 • 28.05.19

«Ղալաթ էին անում». փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Ապարանում այսպես արձագանքեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանի հայտարարություններին, կոչերին երբ վերջինս ասել էր, որ ինքն առաջինը կլինի, որ կոչ կանի ու կգնա և «քարով կցխի» Բակո Սահակյանի գլուխը, եթե վերջինս հանկարծ որոշի Ռոբերտ Քոչարյանին տանել Արցախ և չվերադարձնել ՀՀ իրավապահներին։

Հարցին՝ իրավապահներն այդտեղ անելիք չունեի՞ն, այդ անձը հիմա ազատության մեջ է, անգործություն չկա՞ իրավապահների կողմից, փոխվարչապետը պատասխանեց. «Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետև տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ այդ կոչերից հետո»:

Ինչ վերաբերում է հարցին, որ կոչերը հնչեցրած անձն ազատության մեջ է, Տիգրան Ավինյանը հարցրեց. «Պետք է արդեն բանտարկվե՞ր, այսինքն՝ դատարանի վճի՞ռ է կայացվել, որ անձը մեղավոր է և պե՞տք է դատապարտվի»:

Ի պատասխան հարցի՝ պե՞տք է գործողություն լինի, որ քայլերի գնաք, նա ասաց. «Կարծում եմ՝ համապատասխան քննություն պետք է լինի և այդ քննությունը ցույց կտա, թե արդյունքներն ինչ կլինեն»:

Տիգրան Ավինյանը բացառեց, որ այդ հանրահավաքը կազմակերպել են իշխանությունների դեմ ուժերը, որպեսզի վարկաբեկեն իշխանությանը: «Ես դավադրությունների տեսություններին չեմ հավատում, դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ քայլերի արդյուքներն են, չմտածված, ոչ խորապես մտածված և ոչ այդքան լավ հետևանքներ ունեցող»,- նշեց նա:

Լրագրողի տեղեկությանը, թե Հոլանդիայից եկած ներդրողը, որը ցանկացել է շուրջ 90 մլն դոլարի ներդրումներ կատարել, ավիաընկերություն բացել, փորձել է անընդհատ հանդիպել փոխվարչապետի և Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի հետ, բայց օգնականները երկու ամիս շարունակ ներդրողին չեն ընդունել, Ավինյանը չհերքեց, թեև նշեց, որ տեղյակ չէ այդ դեպքից:

«Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ներդրողն ինչո՞ւ է փորձել ինձ հետ հանդիպել, եթե այդ հարցի պատասխանն ունենանք, կհասկանանք, որ ներդրողն այդքան էլ իրական ներդրող չէ: Այսինքն՝ եթե ուզում է փոխվարչապետի հետ հանդիպել, կարող է ունենալ մի քանի պատճառ: Ենթադրում եմ՝ ինչ-որ արտոնություններ է պահանջում: Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեկ ընկերությանը ինչ-որ հատուկ պայմաններ տանք և մնացածի գործառույթները խաթարենք: Պետք է ընդհանուր քաղաքականություն մշակենք և դա պետք է լինի բոլորի համար: Այսինքն՝ հավասար արտոնյալ պայմաններ պետք է ապահովենք բոլորի համար և նմանատիպ քաղաքականություն մշակվում է ավիացիայի կոմիտեում»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ իր դռները երբևէ փակ չեն եղել և իրական մարդիկ, իրական ներդրողներ միշտ կարող են դիմել իր օգնականներին և հայտնվել իր սենյակում: «Տեղյակ չեմ այդ հոլանդացու մասին, մի դեպքի մասին եք ասում, որից ես տեղյակ չեմ, ամենայն հավանականությամբ, դա եղել է մի հարց, որ իմ գրասենյակը նպատակահարմար չի համարել, որ այդ հանդիպումը կայանա: Այդ մասին օգնականս չի տեղեկացրել, իսկ դա նշանակում է, որ դրա կարիքն էլ չի եղել»,- եզրափակեց նա:

Ավելի ուշ փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց հետ Հոլանդիայից ներդրող չի կապվել: