Թրամփը հայտնել է, որ Ճապոնիան ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ կգնի

10:16 • 28.05.19

Ճապոնիան ԱՄՆ-ի դաշնակիցների շարքում Վաշինգտոնից ամենաշատ քանակությամբ հինգերորդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչները ձեռք կբերի:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ճապոնիա կատարած պետական այցի ժամանակ հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Նշվում է, որ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ճապոնիայի ռազմածովային ուժերի խոշորագույն նավերից մեկը՝ «Կագա» ուղղաթիռակիր են այցելել:

«Ճապոնիան 105 F-35 կստանա, դա մեր դաշնակից երկրների շրջանում խոշորագույն գնումն է: Նման հրաշալի ինքնաթիռներով կզինվի նաև այս հսկայական նավը, ինչը թույլ կտա արդյունավետ կերպով արձագանքել տարբեր տարածաշրջաններում հակամարտություններին»,- ասել է Թրամփը:

Աբեն ուղղաթիռակրի տախտակամածին իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնի ու Տոկիոյի ռազմական միությունն այժմ ավելի ամուր է, քան երբևէ:  

«Մենք լի ենք Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների բոլոր շրջաններում ազատության ու թափանցիկության ռեժիմն ապահովելու վճռականությամբ»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:

Անցած տարվա նոյեմբերին հաղորդվել էր, որ Ճապոնիան դիտարկում է ԱՄՆ-ից 142 F-35 ձեռք բերելու հնարավորությունը, իսկ գործարքի հավանական գինը 8,8 մլրդ դոլար էր գնահատվում: