Մահացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրը
Ամերիկացի հրատարակիչ և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ռոբերտ Բերնշտեյնը մահացել է 96 տարեկան հասակում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով նրա որդու՝ Փիթերի հայտարարությունը, Բերնշտեյնը մահացել է նախօրեին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Այլ մանրամասներ վերջինս չի հաղորդել:
Ռոբերտ Բերնշտեյնը 1966-1990 թվականներին գլխավորել է Random House հրատարակչությունը, որը հրապարակել է նաև խորհրդային այլախոհ իրավապաշտպանների, այդ թվում՝ Անդրեյ Սախարովի և նրա կնոջ՝ Ելենա Բոների աշխատությունները:
1970-ականներին ակտիվորեն զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ, իսկ 1978-ին մի քանի իրավապաշտպան խմբեր է հիմնել, որոնք 1988-ին միավորվել են Human Rights Watch կազմակերպության ներքո: Բերնշտեյնը հրաժարական է տվել 1998-ին:
Կյանքի վերջին տարիներին նա դասախոսել է և մարդու իրավունքների քարոզարշավ էր իրականացրել Չինաստանում: 2011-ին հիմնադրել է Advancing Human Rights կազմակերպությունը:










