Ձեռքի մկրատով խփել է գլխիս, վախենալով, որ կարող է բողոքեմ՝ առաջինը ինքն է վազել ոստիկանություն. Այգեստանի համայնքապետը՝ իր և համագյուղացու միջև միջադեպի մասին

14:50 • 28.05.19

Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իր և համագյուղացի Նիկոլայ Նաղդալյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ասաց. «Վախենալով, որ ես կարող է բողոքեմ, առաջինը ինքն է վազել ոստիկանություն և ասել է, որ խփել եմ իրեն, ու իր ձեռքի գործիքը ջարդվել է»:

Համայնքի ղեկավարը նշեց, ոչ չի ցանկացել համագյուղացու վերաբերյալ հաղորդում ներկայացնել ոստիկանություն: Բացի այդ, Սոկրատ Հովսեփյանը հայտնեց, որ ինքը Նիկոլայ Նաղդալյանի ձախ ձեռքին է հարվածել, իսկ գործիքը աջ ձեռքում էր:

«Ամբողջ պատմությունը հետևյալն է՝ դաշտից կովը բերում եմ, Նիկոլայը, որը դասատու է, իր այգու մեջ աշխատում էր: Իմ կովը ցանկապատից անցավ այն կողմ և իր հողից, այգուց մոտ 4 մետր էս կողմ, մի հատ բերան գցեց, խոտ կերավ: Մեկ էլ սկսեց հայհոյել ինձ: Ես էլ դաշտից գալիս եմ, ձեռքիս փայտ կար՝ մատիս հաստության, ասեցի չես ամաչում և այդ փայտով խփեցի ձեռքին: Նա նորից սկսեց հայհոյել և ձեռքին մկրատ կար, խփեց գլխիս: Ասեցի՝ իմ լավությունն ե՞ս իմ ձեռքը տալիս, որ երկու տղուդ 1996 թ.-ին դատում էին, քեզանից 3000 դոլար փող ուզեցին, որ մի տղուդ դատեն, ես քեզ լավություն արեցի... առանց որևիցե բան...»,- ասաց Սոկրատ Հովսեփյանը:

Նշենք, որ Shamshyan.com-ը հայտնել է, որ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 27-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Այգեստան գյուղի բնակչի ահազանգի փաստով։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։