Ավստրիայի նախագահն արձակել է կանցլեր Սեբաստիան Կուրցի կառավարությունը

15:00 • 28.05.19

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը պարտականություններից ազատել է կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորած կառավարությանը, գրում է Kleine Zeitung պարբերականը:

Նախագահի որոշմամբ՝ ֆինանսների նախարար, փոխկանցլերի ժամանակավոր պաշտոնակատար Հարթվիգ Լյոգերը մինչև կանցլերի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը ժամանակավորապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: 

Հաղորդվում է նաև, որ Կուրցը կհրաժարվի պատգամավորական մանդատից, ինչպես նաև հետագա հնարավոր դրամական վճարումներից: Ավստրիայի ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնում նրան կփոխարինի Աուգուստ Վեգինգերը:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատը, Կուրցի կառավարությանն անվստահություն էր հայտնել:

Կուրցին անվստահություն հայտնելու հարցը բարձրացվել էր ընդդիմության կողմից՝ երկրում կառավարական սկանդալի ֆոնին, որին հանգեցրել էր երկրի՝ արդեն նախկին փոխկանցլեր և Ավստրիայի «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրախեի մասնակցությամբ սկանդալային տեսագրության հրապարակումը։ 

Քաղաքական սկանդալը սկիզբ էր առել մայիսի 18-ին։ Գերմանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում Շտրախեն և նրա օգնականը Իբիցայում հանդիպում են ռուս օլիգարխի ազգականուհու հետ։ Ենթադրվում է, որ վերջինս պետք է օգներ փոխկանցլերին հաղթել ընտրություններում, ինչի դիմաց նա խոստացել էր շինարարության ոլորտում կնոջը տրամադրել պետպատվերների մի մասը։

Սկանդալից հետո Շտրախեն հրաժարական էր տվել՝ պարզաբանելով, որ տեսանյութում ինքը հանդիպում է Լատվիայի քաղաքացու հետ, և որ այդ ամենը ծրագրված դավադրություն է։