Թաիլանդի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն ու հաջորդած հրդեհն ավելի քան 3 մլն դոլարի վնաս են պատճառել (լուսանկարներ)
Թաիլանդի Լեմչաբանգ նավահանգստում քիմիկատների կոնտեյներներով բեռնված կորեական նավի վրա տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհի պատճառած վնասի չափը գերազանցում է 3 մլն դոլարը, գրում է Nation պարբերականը՝ նավահանգստի տնօրինությանը հղումով:
Պայթյունն ու հրդեհը տեղի էին ունեցել մայիսի 25-ին՝ կորեական նավի բեռնաթաման ժամանակ: Քիմիկատներ պարունակող կոնտեյները ինքնաբռնկվել էր և պայթել վաղ առավոտյան, ինչից հետո բռնկված հրդեհը մինչև ուշ գիշեր հնարավոր չէր եղել մարել: Միջադեպի պատճառով ավելի քան 130 մարդ թեթև վնասվածքներ էր ստացել:
Ինչպես նշում է պարբերականը, հրդեհը վնաս է հասցրել նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներին, խախտել է նավերի բեռնման և բեռնաթափման ժամացուցակը, ինչպես նաև նավահանգստի աշխատակազմի մեծ մասին ժամանակավորապես անգործության մատնել, քանի որ մթնոլորտ արտանետված քիմիկատները սպառնացել են նրանց առողջությանը:












